Sputnik Armenia-ն գրում է.

Ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ:

Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգելու նախաձեռնողը եղել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին։

«Պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են վերջիններիս սեփական դիմումների հիման վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է»,–ասել է Խանումյանը:

Նշվում է, որ նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ: Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան:

Հիշեցնենք` երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական դրությամբ պայմանավորված, ստորագրել էր հրամանագիր՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել