168.am-ը գրում է․
Վարազդատ Կարապետյանն իր քայլերի համար ներողություն է խնդրել և Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Հետադարձ հայացք նետելով կառավարող ուժի հետ իր անցած ճանապարհին, վերլուծելով այն պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ նա հետևություն է արել, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չի ունեցել հիմնարար գործընթացների վրա:
Կարելի է ափսոսել, որ պատերազմի ամենաթեժ պահին չէր զլանում բավարարել իր առաջնորդի փառասիրությունը՝ անթաքույց քծնելով նրան, գովաբանելով Նիկոլի որդու «սխրանքները»։
Կարելի է միայն ափսոսել, որ պատերազմի ժամանակ դարձել էր ստի մեքենայի օղակներից մեկը, երբ հաղթելու մասին գրառումներ էր անում և փաստում, որ դա իր ընկեր Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի որոշումն է։ Նրա և իր գործընկերների ոգևորված բառախաղերը բոլորի վրա թանկ նստեցին։
Շատ կարևոր է, որ Վարազդատ Կարապետյանն ի վերջո հասկացավ, որ չի կարելի պետությունը սևերի ու սպիտակների բաժանել, պետական և ազգային արժեքներն ու ինստիտուտները քանդել ու քայքայել։ Բայց այդ մասին Ձեզ զգուշացնում էին երկու տարի, չէիք տեսնում, կամ չէիք ուզում տեսնել։
Ինչևէ, Վարազդատ Կարպետյանը բացեց դուռը՝ այն բաց թողնելով իր մյուս գործընկերների համար։ Նա օգտվեց խաղաղ, անցնցում հեռանալու հնարավորությունից՝ ընտրելով ազգային և հանրային համերաշխությունը։ Նա դուրս եկավ պարտված իշխանությունից, շարունակելու իր խաղաղ աշխատանքային գործունեությունը։
Վարազդատն ասում է՝ ներողոթյուն եմ խնդրում իմ քայլերի համար։ Իրականում նա ներողություն է խնդրում ԻՄ ՔԱՅԼԻ համար։
Այսօրվա ութսունմիքանիսից բոլորը հատ-հատ ներողություն են խնդրելու, որ ժամանակին չեն սթափվել, որ եղել են հիպնոսի տակ, որ շատ բաներից տեղյակ չեն եղել, որ շրջափակել են դատարանները, որ կատարել են լայվով ստացած հրամանները և այլն։ Ոչ մի կասկած։
Բայց ներելու դուռը միշտ բաց չի լինելու, որովհետև երեկ էր պետք անել թերևս ամենակարևոր քայլը՝ դուրս գալ «Իմ քայլից» ու հնարավորություն ստեղծել նոր, հակաճգնաժամային կառավարության ձևավորման համար։ Վաղը կարող է ուշ լինել։
Արդեն իսկ փակվող դուռը ձեր գործընկեր Վարազդատը բացեց, նման հնարավորություն դեռևս կա իմքայլական պատգամավորների և իշխանության մյուս ներկայացուցիչների համար։ Քանի կա հնարավորություն՝ խաղաղ և արժանապատիվ մթնոլորտում լուծել ճգնաժամը, արեք դա։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ



