Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Մխիթար Հայրապետյանը լավագույն բարեմաղթանքներն է հղել Իրանի բարեկամ ժողովրդին։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:

Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև հաստատված դարավոր բարեկամական և փոխադարձ վստահության ու աջակցության, ինչպես նաև ամուր պատմական և մշակութային կապերի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Այս առումով երկուստեք կարևորվել է համագործակցությանը նոր թափ հաղորդելու և փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։

Պարոն Ֆարշադանը, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնել է, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել