Կյանքի վերջին տարում վերջապես մահացավ…
 Իր երկարատև կյանքի ընթացքում նա հռչակվեց որպես անստորագիր նամակների անզուգական հեղինակ, ամբաստանագրերի վիրտուոզ նկարիչ,  տնաքանդության ականավոր ճարտարապետ:
 Նրա գրական ժառանգության հատընտիրի 6-րդ հատորը անպայման լույս կտեսներ, եթե, Աստված ոչ արասցե, հանկարծ լույս տեսնեին նախորդ 5 հատորները…
 Հանգուցյալը մոտ էր կանգնած մեր գրական-մշակութային կյանքին` մտահոգված նրա ներկայով ու ապագայով: Այդ մտահոգության անմիջական արդյունքն էին գիտության երկու դոկտորների երկարատև, անօգուտ բուժումները երկրի հռչակավոր առողջարաններում, արվեստագիտության մեկ տեսաբանի ինքնասպանության փորձը և այլն: Ե’վ արվեստի, և’ գրականության մեջ նա հասցրեց բազմաթիվ կադրեր պատրաստել` սրտի ստացիոնար և հեռակա բուժման ենթակա:
 Նա մեզ թողեց բավականին ծանրակշիռ գրական ժառանգություն, որը, հուսանք, դեռ երկար ժամանակ չի գտնի իր արժանի ընթերցողին: Արվեստագետ հասարակայնությունը մինչև այսօր էլ հիշում է և ինչպես մոռանա նրա <<Ես չեմ վախենում>>, <<Դեռ կտեսնենք>>, <<Լաց ես լինելու, Պողոս>> հոդվածները: Նրա <<Յո յերթաս, ապուշ>> պամֆլետը` ուղղված իր որոշ անկայուն գաղափարակիցներին, վաղուց թարգմանված է մեռած լեզուներով, և ոչնչացված հայերեն բնագիրը: Քիչ հասարակական պարգևների չի արժանացել հանգուցյալը: Հանրապետական մասշտաբով երկու անգամ քարկոծվել է, երեք անգամ թուք ու մուր կերել միութենական մասշտաբով, կրկնակի անգամ արժանացել ժողովրդական արհամարհանքի դափնեկրի կոչման: Հանգուցյալի հասցեով չի ստացվել և ոչ մի ցավակցական հեռագիր, որի համար նրա հետևորդները դեռ շնորհակալություն կհայտնեն հետագայում:
 Հանգուցյալի հիշատակը հավերժացնելու համար որոշված է.
1.Սահմանել գրական ամենամյա մրցանակ` նրա` ոլորին պատճառած վնասների ֆոնդից:
2.Գրական փառքի զարտուղի ճանապարհներից մեկը կոչել նրա անունով:
3.Ամեն տարի մեկ տարի լռությամբ հարգել նրա հիշատակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել