«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և եկել այն եզրահանգման, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին նրա առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Դա, ի վերջո, ինչո՞վ է պայմանավորված, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրաժարականը, բայց չի ցանկանում արտահերթ ընտրություններ, հետաքրքրվեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոստանից: Ըստ նրա՝ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ անիմաստ է Փաշինյանի վարչապետության պայմաններում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
-Եթե Փաշինյանն իրեն թույլ է տալիս, որ ամենահասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործի ժողովրդի դեմ, պատկերացնում եմ, թե ինչ վայրագությունների հանձնարարություններ է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմահացնել: Փաշինյանը որոշ մարդկանց ելույթներից, գնահատականներից այնքան վախեցած է, որ անգամ ուժային կառույցներն օգտագործելու ունակությունը գիտակցելով՝ հասկացել է, որ իր հանրային վարկանիշն այնքան ցածր է, որ ուղղակի խուսափեց ընտրություններից: Վստահ եմ, որ ընտրությունների պարագայում Փաշինյանը կդիմի ընտրակեղծիքների, քանի որ առանց դրա՝ նա չի կարող դառնալ իշխանություն: Ավելին՝ եթե իրեն պաշտպանող և հանրությանը վիրավորող ֆեյքերը չլինեն, ապա առհասարակ վարկանիշ չի ունենա: Մենք չենք ունեցել այնպիսի ղեկավար, որը, վախենալով, անձրևանոցների տակ, զրահապատ մտնի Եռաբլուր: Փաշինյանը միակ ղեկավար կոչեցյալն է, որ Եռաբլուր է մտնում փախնելով: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին տրամադրել է տեղեկատվություն, որից վախեցած՝ հրաժարվել է ընտրություններից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: