Լորդ-Հաու կղզու, որը գտնվում է Ավստրալիայից 600 կմ հեռավորության վրա՝ դեպի արևելք, տնօրենների խորհուրդը հայտնել է կրծողների վերացման նախագծի հաջող իրականացման մասին։ Նախագծի ի իկատար ածումն արժեցել է 15 միլիոն դոլար։
2019 թ. թակարդների և թունաքիմիկատների միջոցով ոչնչացվել է ավելի քան 300 հազար ինվազիվ առնետ և մուկ, որոնք հսկայական վնաս էին հասցնում կղզու ֆլորային և ֆաունային։ Ի դեպ, կղզին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Վերջին 15 ամիսներում կղզում ոչ մի կրծող չի նկատվել, ինչը, ըստ նախագծի ղեկավարի, կարելի է համարել «էկոլոգիական ռենեսանս»։

Ինչպս հայտնում են էկոլոգները՝ մկներն առաջին անգամ կղզում հայտնվել են 1850 թ., իսկ առնետները՝ 1918 թ. երբ ափի մոտակայքում նավ խորտակվեց։ Ավելի քան մեկ հարյուրամյակ անց՝ 2019 թ., Լորդ-Հաուի խորհուրդը, Նոր Հարավային Ուելսի էկոլոգիական ֆոնդն ու Ազգերի համագործակցության ղեկավարությունը համատեղ ֆինանսավորեցին կրծողների ոչնչացմանն ուղղված նախագիծը։
Կղզում ապրելու տարիներին առնետներն ու մկները պատճառ են դարձել ցամաքային էնդեմիկ հինգ տեսակների և ենթատեսակների վերացման։ Բացի դրանից, կրծողները վնաս են հասցրել տեղի անողնաշարավոր կենդանատեսակնեին և բույսերին, գյուղատնտեսությանը։

2019 թ. հունիսին մասնագետները ողջ կղզու տարածքում 22,000 թակարդ տեղադրեցին՝ թունաքիմիկատներով պատված, իսկ դժվար հասանելի վայրերում ուղղաթիռից թունավորված հատիկավորներ լցրին։ Հազվագյուտ էնդեմիկ Hypotaenidia sylvestris թռչնատեսակին վնասելուց խուսափելու համար դրանց պոպուլյացիային ամբողջությամբ տեղափոխեցին Սիդնեյի կենդանաբանական այգի։
Նախագծի իրականացումից հետո կրկին զարգացում են ապրում կենդանատեսակների և բուսատեսակների պոպուլյացիաները։ Սակայն որոշ վեճեր առաջացան, քանի որ շատերն անհանգստանում են, որ օգտագործված թույնը կարող է վտանգի տակ դնել ընդհանուր էկոհամակարգը։



