Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական հեռուստաալիքներից մեկի հաղորդմանը, անդրադառնալով իր տարածաշրջանային այցին և տարածաշրջանում հաղորդակցական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման խնդրին, ի թիվս այլ դիտարկումների, հետևյալ ուշագրավ միտքն է արտահայտել. «Իրանը ցանկանում է «խաղն առաջ տանել «հաղթանակ-հաղթանակ» սկզբունքով»։ Մենք հետամուտ ենք մի այնպիսի խաղի, որտեղ ապահովվում են բոլորի շահերը, և անհրաժեշտ է, որպեսզի մեր հարևանները նույնպես դրան հետամուտ լինեն: Կարծում եմ՝ այսօրվա աշխարհում յուրաքանչյուր ոք, ով «հաղթանակ-պարտություն» սկզբունքին է հետամուտ, ամենայն հավանականությամբ, ձախողվելու է»:
Ձարիֆի վերոնշյալ ձևակերպումները բառացիորեն բավականաչափ մոտ են Երևանում նրա հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հնչեցրած հետևյալ բազմավեկտոր մտքին. «Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»:
Տարածաշրջանի ապագայի տեսլականի մասով 2 երկրների անգամ բառացիորեն մոտ մոտեցումները, այնուամենայնիվ, կարելի է պայմանավորել նաև արցախյան վերջին պատերազմի հետևանքով ձևավորված իրավիճակով, երբ և՛ Հայաստանը, և՛ Իրանը՝ յուրաքանչյուրն իր հարթությունում, «կորցնող-պարտվողի» դերում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3646850265352161&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել