168.am-ը գրում է․

Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2019 թվականի համեմատ աճել է 459.365-ով՝ հասնելով 83 միլիոն 614.362-ի։ Բնակչության 49.7%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 50.3%-ը՝ կանայք։

Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը  ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով՝ այն կազմելով 1 միլիոն 330 հազար 410։

Բնակչության աճի տեմպը Թուրքիայում նվազել է 5.5%-ով։

Եթե 2019թ. Թուրքիայի ամենափոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգը Թունջելին էր (Դերսիմ- 84.843), ապա 2020-ին՝ Բայբուրթն է (81.910)։ Ամենափոքրաքանակ բնակչությամբ Բայբուրթին հետևում են Դերսիմը (83.443), Արդահանը (96.161), Գյումյուշհանեն (141.702) և Քիլիսը (142.792): Հատկանշական է, որ այս փոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգներում տղամարդկանց թիվը գերակշռում է կանանց թվին:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում գյուղական բնակավայրերը աստիճանաբար դատարկվում են։ Գյուղական բնակչության թիվը կրկին նվազել է։ Այն կազմում է ընդհանուր բնակչության 7%-ը։ 2019 թվականին այդ ցուցանիշը 7.2% էր։

2020-ին 21-րդ դարի առաջին անգամ նվազել է Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի բնակչությունը։ Այն նվազելով 56 հազար 115-ով՝ դարձել է 15 միլիոն 462 հազար 452։ Ստամբուլին բնակչության թվի մեծությամբ հաջորդում են Անկարան՝ 5 միլիոն 663 հազար 322 մարդ, Իզմիրը՝ 4 միլիոն 394 հազար 694 մարդ, Բուրսան՝ 3 միլիոն 101 հազար 833 մարդ և Անթալիան՝ 2 միլիոն 548 հազար 308 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել