Operativ.am-ը գրում է.
Հայկական լրատվամիջոցներից մեկով (Վարդանյանների ընտանիքին պատկանող ու օր ու գիշեր նրանց ընտանեկան գովքն անող «Ար» հեռուստաընկերության եթերում) հեռարձակվեց մի տեսանյութ, որում քննարկվում էր ապրանքների դրոշմապիտակավորման մասին օրենքը: Մասնավորապես, հեղինակը խորին «զայրույթով» ներկայացնում էր դրոշմապիտակավորման մասին օրենքը և, փաստորեն, ՊԵԿ-ը ներկայացնում որպես հեքիաթի չար կին: Սակայն նյութի հեղինակը մոռանում է էթիկայի տարրական կանոններն ու ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքը Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված, մոնտաժի միջոցով դարձնում ադրբեջաներեն: Միանգամից գգացվում է պատվերի հոտը: ՊԵԿ-ի այս որոշումը հարվածել է Վարդանյանների ընտանեկան բյուջեին: Այս որոշմամբ, ստացվում է, Վարդանյան ավագը դուրս է գալիս ստվերայինից ու մտնում հարկային դաշտ: Իհարկե, հասկանալի է առաջացած «զայրույթը», բայց անել դա այն բանի գնով, որ քո հայրենակցին, քո երկրի պաշտոնյային ներկայացնես իբրև ադրբեջանցի... Կներեք` տգեղ է: Եվ դա այն դեպքում, երբ ժամեր առաջ սահմանին նույն ադրբեջանցիները հրազենային կրակոցով քո երկրի զինծառայողներին են վիրավորում: Այն դեպքում, երբ նույն սահմանին մարդիկ քուն ու դադար չունեն նույն ադրբեջանցու կրակից: Այսինքն քո երկրի պաշտոնյան, երբ մի փոքր գրպանիդ «նեղություն» է տվել, դարձել է ադրբեջանցի՞: Միգուցե նույն դրոշմապիտակավորման մասին օրենքը նույնպես դարձել է Վարդանյանի անքնության պատճառը:
Թիրախում սառը սուրճն է: Իսկ Վարդանյանը, ավելի ստույգ` Grand Candy-ն սառը սուրճ ունի. ընկերության պաշտոնական կայքը վկա: Նրանք շուկայում առաջատար են: Ուրեմն մի բան այնպես չէ, ուրեմն հեռուստաընկերությունը պետք է օգտագործել փորացավն արտահայտելու համար: Մարդն այդպես էլ արել է. թքած էթիկայի վրա, եթե բիզնեսին ու գրպանին վնասել է, ուրեմն ադրբեջանցի է: