Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «168 ժամ»-ում գրել է․
«Չդիմացա և ես էլ որոշեցի արձագանքել ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի «խաղաղասիրական» դարակազմիկ մտքերին․ «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը, պետք է առաջ նայել»։ Կարելի է ենթադրել, որ տիկինը, ելնելով պատգամավորական բարեկեցությունից, ընդամենն իր հնազանդությունն է հայտնում՝ արձագանքելով նույն այդ բարեկեցությունն իրեն պարգևած կուռք-վարչապետին․ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր», «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»։
Չէր կարելի ետ մնալ և հանկարծ հայտնվել կուռքի կողմից անբարյացակամության տիրույթում, չէ՞ որ արդեն վարչապետին և ադրբեջանցիներին իրենց հավատարմությունն էին հայտնել այլ նվիրյալներ, օրինակ, Լենա Նազարյանը․․. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել, պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա»։ Էլ չասենք դեպի Հայաստան սպասվող թուրքաադրբեջանական տնտեսական էքսպանսիայով ոգևորվող իմքայլականների մասին։ Ապշել կարելի է, մի՞թե այս մարդիկ չեն տեսնում, որ թշնամին ոչ միայն չի բավարարվում ձեռք բերվածով, այլև շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը, ծաղրում, նվաստացնում մեզ բոլորիս, գերեվարում և սպառնում Սյունիքի բնակիչներին։
Սակայն, կարծում եմ, խնդիրը շատ ավելի խորն է, քան միայն անձնական բարեկեցության հարցը։
Համոզված եմ, որ վարչապետը 2018թ. «ընտրելով և հաստատելով» իր անձնական օգտագործման պատգամավորության թեկնածուներին, առաջնորդվել է ոչ միայն՝ իրեն հավատարմության, այլև՝ այդ, պայմանականորեն ասած․ «խաղաղասիրական» գաղափարախոսությամբ, իսկ իրականում՝ Արցախը հանձնելու և տրվելու ադրբեջանաթուրքական հպատակությանը։ Այդ դեպքում, հարց է առաջանում, որտեղի՞ց գտնվեցին այդքան «խաղաղասերներ», չէ՞ որ նրանք բոլորը կարծես կրթված անձինք են, ծանոթ հայոց պատմությանը։ Այո, կրթված են, բայց նայած՝ ինչ կրթություն են ստացել և ինչպիսի քարոզչության «սրի տակով անցել»։ Քարոզչություն, որի նպատակն է եղել մոռանալ և մերժել պատմական հիշողությունը, անցյալը, ազգային պատկանելությունը, արժանապատվությունը՝ լինել «առաջադեմ», կոսմոպոլիտ։
Մարդու այս տեսակը փայլուն ներկայացված է ազգությամբ ղրղըզ, խորհրդային տաղանդավոր գրող Չինգիզ Այթմատովի 1980 թ. հրատարակված «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպում։ Այստեղ, ինչպես հեղինակի հաջորդ, նույնպես նշանավոր՝ «Կառափնարան» վեպում, սյուժեն զարգանում է պատմականորեն երկու զուգահեռ ժամանակաշրջաններում, որոնք հետագայում տրամաբանորեն միավորվում են։ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպը նկարագրում է խորհրդային շրջանի ղազախական կենսակերպը՝ զուգահեռներ անցկացնելով միջնադարյան, նույն ղրղըզների հանդեպ՝ Չինաստանի հյուսիսի քոչվոր ժուանժուան ցեղերի դաժանության հետ։ Այդ, նույնպես թյուրքական ցեղերը գերեվարված ղրղըզ զինվորների գլխին էին քաշում մորթված ուղտի պարանոցի կաշին և գերուն թողնում անապատի արևի տակ։ Գերիներից շատերը մահանում էին, իսկ ողջ մնացածները կորցնում էին բանականությունն ու հիշողությունը՝ դառնալով քոչվորների լավագույն ստրուկներ՝ պատրաստ սպանելու սեփական մորը։ Եվ այդ ազգային, ընտանեկան հիշողությունը կորցրած ստրուկներն անվանվում էին մանկուրտներ։
«Կարելի է գրավել երկիրը, կարելի է հափշտակել հարստությունը, կարելի է խլել կյանքը, բայց ո՞վ է մտածել և ո՞վ է համարձակվում ոտնձգություն անել մարդու հիշողության վրա։ Օ՛, Տեր Աստված․ եթե գոյություն ունես, ինչպե՞ս ես այն ներշնչել նման մարդկանց։ Մի՞թե առանց այդ էլ բավարար չէր չարությունը երկրի վրա»։
Ահա և մեր մանկուրտ-«խաղաղասերները», ովքեր առանց խորանալու, սերտելով, անգիր անելով, իրենց կարծիքով՝ գերժամանակակից, իրականում՝ գլխներին քաշելով արդի, քողարկված «ուղտի պարանոցի կաշի»՝ կեղծ «խաղաղասիրական» գաղափարախոսությունը, կորցնելով պատմական հիշողությունը, այսօր իրենց կուռք-ստրկատիրոջ առաջնորդությամբ և հրահանգով՝ սպանում են իրենց հարազատ մորը՝ հայրենիքը։ Ո՞վ կմտածեր, որ հոգով ստրուկ, հիշողություն չունեցող մանկուրտները կկառավարեն Հայաստանը»։