Doctors.am-ը գրում է.
Եթե նախկինում ընթերցանությունը պասիվ ժամանց էր համարվում, ապա այժմ ապացույցներ կան, որ այն սպորտին համարժեք օգտակար է օրգանիզմին: Այս եզրակացությանն են եկել Օքսֆորդի գիտնականները:
Գաղափարը անգլերեն լեզվի մասնագետ Նատալի Ֆիլիպսինն է: Նա ցանկացել է պարզել՝ արդյո՞ք գրականությունը, հումանիտար, մշակութային և պատմական բնագավառներից զատ, կարող է մարդուն այլ շոշափելի արդյունքներ տալ: Ուղեղի ճանաչողական և նյարդային ֆունկցիաների ուսումնասիրությամբ զբաղվող Սթենֆորդի գիտնականները որոշել են այս թեմայով հետազոտություն անցկացնել: Կամավորներին պատվիրել են կարդալ Ջեյն Օսթինի "Մենսֆիլդ պարկ" ստեղծագործությունը: Ընդ որում, նրանք սկզբի համար պետք է ընթերցեին հաճույքի համար: Երկրորդ անգամ արդեն ստեղծագործությանը պետք է մոտենային վերլուծական տեսանկյունից՝ կարծես քննության պատրաստվելիս լինեին: Ընթերցանության ընթացքում կամավորները պետք է գտնվեին ՄՌՏ հետազոտող սարքի մեջ, որպեսզի գիտնականներին հեշտ լիներ հետևել նրանց ուղեղում տեղի ունեցող փոփոխություններին:
Ընթերցելու ժամանակ փորձագետներին հաջողվել է փոփոխություններ նկատել արյան շրջանառության հետ կապված: Հաճույքի համար կարդալուց լուրջ ընթերցանության անցնելիս ուղեղում տեղի էին ունենում արյան շրջանառության և նյարդային գործունեության կտրուկ փոփոխություններ:
Այսպիսով, գիտնականներն ապացուցել են, որ կարդալու ընթացքում ակտիվանում է «խորասուզման» ներգործությունը, այսինքն, սյուժեին հետևելով, մարդը իրեն է պատկերացնում հերոսի փոխարեն: Սա էլ նշանակում է, որ սկսում են աշխատել ուղեղի այն հատվածները, որոնք սովորաբար պասիվ են լինում: Հետաքրքիր է՝ հեռուստացույց դիտելը կամ համակարգչային խաղեր խաղալը այս ազդեցությունը չեն ունենում: Նշենք նաև, որ գիտնականների կողմից դեռևս վաղուց էր ապացուցվել, որ 6 րոպե ընթերցանությունը 2 անգամ նվազեցնում է սթրեսը: