Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ հարցերին, որոնք, ըստ իրեն, պատերազմից հետո պետք է Ազգային ժողովում քննարկման առարկա դառնային եւ չեն դարձել:

Հարգելի հայրենակիցներ, երեւի դուք միամտորեն ակնկալում էիք, որ խայտառակ դավաճանական կապիտուլյացիայից հետո մենք այստեղ պետք է քննարկենք ռազմագերիների խնդիրը, երեւի ակնկալում էիք, որ պետք է քննարկենք մեր տասնյակ հազարավոր տեղահանված արցախցիների խնդիրը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դուք կարծում էիք, թե պետք է քննարկենք, թե ինչպես են հարբած ադրբեջանցիները Սյունիքում երբ ուզում կրակում, թե ինչպես է Սյունիքում Ադրբեջանը երբ ուզում պաստառ է բարձրացնում, որ մենք գտնվում ենք Ադրբեջանի տարածքում:

Բայց ոչ, այդ հարցերը չեն քննարկվում, որովհետեւ կա այս իշխանության համար շատ ավելի կարեւոր օրակարգ կա, թե ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը, որովհետեւ բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի «վնգստացող» դատավորները լինել եւ հրաժարվում են կատարել կեղտոտ քաղաքական պատվեր»,-ասաց նա եւ նշեց, որ իշխանությունն անընդհատ փորձում է կեղծ օրակարգեր բերել:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պետք է ԱԺ նախագահը պատգամավորներից պատվիրակություն կազմեր, գնային «Զվարթնոց» օդանավակայան եւ տեսնեին, թե ինչ էր կատարվում նախօրեին. «Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսը երեկ որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար: Մարդիկ գնում են, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»,-ասաց նա եւ տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը եւս զբաղվել է այդ խնդիրներով, հանդիպումներ, քննարկումներ ունեցել:

«Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով, տեղով ամբողջ գույքով լքում են հայրենիքը, եւ փոխանակ այնտեղ լինեինք եւ հասկանայինք, թե ինչ կարող ենք անել, որ հայը մնա հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորերի թիվը»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ դատական օրենսգիրքի փոփոխությունները, որտ որոնց խափանման միջոց ընտրելու, խուսարկության սանկցիաներ տալու համար կգործեն առանձին մասնագիտացված դատավորներ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման եւ դրանով քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, ինչպես նաեւ միջդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել