Արդեն մի քանի ամիս է, ինչ հետևում եմ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի և հատկապես դրա ղեկավար Արա Պապյանի գործունեությանն ու հռետորիկային: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ մարդը հայանպաստ գործ է անում, հայերի պահանջատիրությունն է փորձում ակտիվացնել և այլն, և այլն... բայյց դա միայն առաջին հայացքից, որովհետև հենց մի քիչ կենտրոնանում ես, ապա տեսնում ես, որ թե՛ կազմակերպությունը, թե՛ կազմակերպության ղեկավարը զբաղված է թուրք-ադրբեջանական շահերի անուղղակի լոբբինգով և ուղղակի հակառուսական քարոզչությամբ:
Մի քանի ամիս առաջ ֆեյսբուքյան հայտնի հեղինակներից մեկը մեղադրել էր Պապյանին, որ վերջինս մասնակցում է այնպիսի սեմինարների, որոնք կրում են բացահայտ հակահայկական բնույթ և այդ կերպով լեգիտիմացնում է դրանք, ինչին ի պատասխան Պապյանի հիմնական թեզը կայանում էր հետևյալում. եթե մենք պահանջատեր ենք, ապա պետք է բարձրացնենք մեր հարցերը ցանկացած հարթակներում, այդ թվում՝ հակահայկական ուղղվածություն ունեցողներում...
Ենթադրենք, թե մարսեցինք այդ արդարացումը, բայց ինձ համար խորապես անհասկանալի է (իրականում լավ էլ հասկանալի է) այն հայտարարությունը, որը Պապյանն արել է հայ-թուրքական սահմանին սպանված սահմանախախտի կապակցությամբ:
«Որովհետեւ մարդ է սպանվել, թուրքական նացիոնալիզմը սա կօգտագործի, բայց ես կարծում եմ՝ սա նաեւ այլ երկրների է ձեռնտու, որովհետեւ հայերի մեջ հերթական անգամ վախ է արթնացնելու, եւ ես վստահ եմ, որ շատ մարդ կասի, որ թուրքերի հետ հարաբերությունները վատանում են: Էլ ի՞նչ եվրոպական ընտրություն, որովհետեւ եվրոպական ընտրություն կատարենք, ռուսները մեզ չպաշտպանեն՝ թուրքերը մեզ կուտեն: Այս մտայնությունը ներշնչվում է ժողովրդին: Իսկ ո՞վ է շահագրգռված ցանկացած միջադեպով կամ հանցագործությամբ: Այ սա մտածելու տեղիք է տալիս», - հայտարարել է Պապյանը:
Փաստորեն, պահանջատիրությունից խոսացող Պապյանը իր թեզով երկու իրարամերժ տրամաբանություն է առաջ քաշում.
1. Թուրքական նացիոնալիզմը սա կօգտագործի մեր դեմ: Հա թող օգտագործի, կարո՞ղ է մինչ այս թուրքական նացիոնալիզմը մեր ճակատն էր պաչում, կամ ի՞նչ սարսափելի բան կա դրանում: Էլ չասեմ, որ պահանջատիրությունից խոսացողը պետք է առնվազն թքած ունենա, թե թուրքական նացիոնալիզմը ինչ կանի, որովհետև ամենաշատը հենց պահանջատիրությունն է վտանգում թուրքական նացիոնալիզմն ու պետականությունը:
2. Ըստ Պապյանի` Թուրքիայից իրականում ոչ մի վտանգ մեզ չի սպառնում ու մենակ ռուսներն են պատրանք ստեղծում դրա մասին, որ մենք չինտեգրվենք Եվրոպայի հետ: Ինձ այնպես հետաքրքիր է, թե Պապյանը էդ ի՞նչ վերլուծությունների հիման վրա է հանգել այն եզրակացությանը, որ իրականում ռուսները ոչ մի դերակատարություն չունեն Թուրքիայից բխող ռիսկին հակադրվելու հարցում, ու առավել ևս ինձ հետաքրքիր է, թե այս փորձագետը ի՞նչ էր անում պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան իր բանակն էր արդեն սկսել կենտրոնացնել մեր սահմաններին, այն բանից հետո, երբ մենք գրավել էինք Քարվաճառն ու պատրաստվում էինք մտնել Նախիջևան (ու թող Պապյանը պատասխանի նաև, թե ի՞նչն այնուամենայնիվ խանգարեց մեզ, որպեսզի Նախիջևանն էլ ազատագրենք):
Այնուհետև Պապյանն անցնում է իր սիրելի հակառուսականությանը՝ հայտարարելով.
«Ռուսական կողմը առաջին հարցումներին տվեց անորոշ պատասխան՝ ասելով, թե հովիվը զինված էր, եւ առաջինն ինքն է կրակել, բայց չներկայացվեց զենքը: Առայսօր ես սպասում եմ, որ ռուսական կողմը ներկայացնի զենքը, իսկ քանի դեռ չկա զենքը, ուրեմն այդ պնդումներն անհիմն են»:
Ժողովուրդ, անձամբ ես էլ առանձնապես չեմ հավատում զինված հովվի մասին վարկածին, բայց անկեղծորեն չեմ հասկանում, թե
ա. Ինչո՞ւ են մեր որոշ գործիչներ տենց մտահոգվել ու դարդ անում սպանված թուրք-ադրբեջանցի սահմանախախտի ճակատագրով:
բ. Ինչո՞ւ է Պապյանը փորձում ռուսներին «բռնացնել» խաբելու մեջ: Ասենք թե բռնացրեց ու ապացուցեց, որ զինված չի եղել, դրանից մենք ի՞նչ ենք շահելու: Իսկ կարի՞ք կա նկարագրելու, թե ինչ բացասական հետևանքներ կարող են լինել այդ պարագայում մեզ համար: Կարծում եմ` պարզ է ամեն ինչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/212811572208207
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել