Կոմունիկացիաների հետ կապված աշխարհաքաղաքական իմաստով,կարևոր գործընթացներ են ընթանում: Առհասարակ, կոմունիկացիաներն են աշխարհաքաղաքական դասավորածության կարևորագույն գործոններից մեկը: Քննարկենք Վրաստանին վերաբերվող զարգացումները:
Երկար ժամանակ Վրաստանը Կովկասի միջանցքի դերն էր կատարում կամ, եթե ավելի պատկերավոր ձևակերպենք, Կովկասի դուռն էր, ու դա է նրա տնտեսական ու աշխարհաքաղաքական հիմնական նշանակությունը: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմնական շահառուն Վրաստանն էր, սակայն հիմա պատկերը կարող է փոխվել, ու արդյունքում Վրաստանը դերը կարող է ի չիք դառնալ:
Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել, նաև հարցականի տակ կդրվի Վրաստանի նավահանգիստների տնտեսական արդյունավետությունը: Դա և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական ազդեցություն է կարող ունենալ:
Պատահական չէ, որ Վրաստանում արդեն սկսել են քննարկել Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը:
Սակայն Վրաստանն իր արտաքին քաղաքականության փոփոխության դեպքում կարող է վերականգնել իր դերը: Եթե Նախիջևանով Իրան, հետևապես՝ Չինաստան, Պարսից ծոց, անգամ Հնդկաստան երկաթուղին աշխատի, ապա դա միակ հնարավորությունը կլինի և Աբխազիայի երկաթուղին աշխատեցնելու ու տրանզիտի համար գումար ստանալու, ինչպես նաև Վրաստանի նավահանգիստների արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ դեպքում կմեծանա Վրաստանի ու Ռուսաստանի փոխադարձ տնտեսական կախվածությունը, նաև կփոխվի Վրաստանի արտաքին քաղաքականությունը:
Դա ինչ կտա մեզ, ինչ չի տա, Արցախի հարցում ինչ հնարավորություններ ու կորուստներ կարող են լինել՝ քննարկման հարց է (նաև կարևոր է ունենալ ազգային շահերով առաջնորդվող կառավարություն, ինչը չունենք այս պահին), սակայն ակնհայտ է, որ լայնածավալ աշխարհաքաղաքական դասավորվածության փոփոխություններ են սկսվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել