Emedia.am-ը գրում է.

Վրաստանում ավիատոմսերի՝ Հայաստանի համեմատ էժան գները ստիպում են շատերին արտերկիր մեկնել ոչ թե Երևանից, այլ Թբիլիսիից։ Գնային տարբերությունը միջինում կազմում է 25–30 տոկոս, որոշ դեպքերում՝ մինչև 50 տոկոս։

Օրինակ, Թբիլիսիից Փարիզ մեկնելն արժե 630 եվրո։ Նույն ուղղությունը «Զվարթնոցից» մեկնելու դեպքում թանկ է մոտ 160 եվրոյով։ Հաշվի առնենք նաև տոմսերի գների փոփոխություններն ըստ սեզոնների. զբոսաշրջային պիկ սեզոնի ժամանակ, որպես կանոն, ավիատոմսերի գները թանկանում են։
Ավելացնենք նաև, որ վրացական Քութաիսի քաղաքում գործում է հունգարական Wizzair բյուջետային ավիաընկերությունը, որն իրականացնում է չվերթներ դեպի Լեհաստան և Ուկրաինա. Քութաիսի–Վարշավա չվերթի արժեքը սկսվում է 60 եվրոյից։


Ինչու՞մն է պատճառը։ Ավիաընկերություններն ու տուրիստական գործակալություններն ավանդաբար խնդիրները վերահասցեավորում են «Զվարթնոց» օդանավակայանին, մեղադրելով ծառայությունները բարձր գնով մատուցելու մեջ։ Օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն eMedia.am–ի հետ զրույցում հայտարարեց, թե «Զվարթնոցը» տարածաշրջանում ամենամրցունակ գներ սահմանած օդանավակայան է»։


Թվերը, սակայն, փաստում են հակառակը. Banks.am կայքը ս.թ. ապրիլին անդրադարձ է կատարել ավիատոմսերի գնային տարբերություններին՝ հրապարակելով ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի «Հայաստանի օդային տրանսպորտի ոլորտի մրցունակությունը» զեկույցը։ Մեկ ուղևորից օդանավակայանում գանձվող լրացուցիչ տուրքերը «Զվարթնոցում» կազմում են 52 դոլար, Թբիլիսիում՝ չեն գերազանցում 30-ը։ Բոլոր ծախսերը, որոնք անհրաժեշտ են Երևանի օդանավակայանում Airbus A320-ի երկժամյա սպասարկման համար (վայրէջքի, կայանման, լիցքավորման և այլ տարատեսակ վճարներ), կազմում են մոտ 28,500 դոլար, Թբիլիսիի մոտ 20.000 դոլարի համեմատ։ Բնականաբար, վերոնշյալ հավելյալ ծախսերը ևս վճարվում են ուղևորի հաշվին։


«Այս ամառ տուրփաթեթների մեջ ներառել ենք թռիչք Թբիլիսիից, ոչ թե Երևանից, որովհետև նույնիսկ միկրոավտոբուս վարձելու ու խումբը Երևանից Թբիլիսի տեղափոխելու պարագայում ծախսերն ավելի քիչ են, քան «Զվարթնոցից» թռնելու դեպքում։ 10-հոգանոց խմբի դեպքում, կախված ուղղությունից, խնայվում է մինչև 1000 դոլարից ոչ պակաս, ինչը մեզ նաև գները նվազեցնելու հնարավորություն է տալիս»,– իրավիճակն eMedia.am–ին այսպես նկարագրեցին Անթալիա զբոսաշրջիկներ ուղարկող գործակալություններից մեկում։


Ավիատոմսերի վաճառքով զբաղվող շատ ընկերություններ խնդիրը նաև բացատրում են ավիաընկերությունների քչությամբ՝ հիշելով այն ժամանակահատվածը, երբ շուկայից դուրս եկավ տեղական ավիափոխադրող «Արմավիան», որից հետո ավիատոմսերի գները կտրուկ աճ ապրեցին։ Ըստ «Զվարթնոցի» մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանի, ամենն արվում է Հայաստան նոր ավիափոխադրողներ բերելու համար (վերջին ամիսներին մի քանի նոր ավիափոխադրողների՝ Air Arabia-յի, Alitalia-յի, Transaero-յի, իսրայելական Arkia–յի մուտքը Հայաստան փաստում է դա)։ Սակայն, կրկին ըստ տուրիստական շուկայի մասնակիցների, նույնիսկ նոր խաղացողների՝ շուկա մտնելուց հետո հայկական ավիաշուկան վրացականի համեմատ մնում է անմրցունակ։


Ավիաընկերություններն իրավիճակն ուրույն ձև են մեկնաբանում. «Եթե ինչ–որ մեկը 100 դոլար խնայելու համար պատրաստ է 14 ժամ գնա Թբիլիսի ու հետ գա, թող գնա». այսպես մեկնաբանեցին Երևան–Անթալիա և Թբիլիսի–Անթալիա ավիատոմսերի գների տարբերությունը չարտերներ կազմակերպող «Բագրատուրում»։


Կիրականանա՞ արդյոք Հայաստանից արտերկիր թռչող ուղևորների երազանքը, և նրանք կկարողանան ավիատոմսերի ձեռք բերել ավելի էժան գներով, թե՞ նոր ավիաընկերությունների մուտքից հետո կառաջանան նորանոր խնդիրներ, որոնք ոչ մի կերպ չեն ազդի տոմսերի գների վրա։ Վերջիվերջո Երևանից թռնելը հարմար է բոլորին՝ թե ավիափոխադրողին, կամ տուրիստական գործակալությանը, թե՝ իրեն օդանավակայանին, որը նորանոր եկամուտներ կունենա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել