Կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ բուժման գործում վիտամին D-ի արդյունավետության շուրջ բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացվել, եւ արդյունքները հաճախ հակասական են եղել: Իռլանդիայի առաջատար համալսարանների մասնագետները պնդում են, որ այս վիտամինը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսը կանխարգելելու համար:
Ինչպես հայտնում է Irish Independent-ը, հղում անելով մի շարք ուսումնասիրությունների եւ այլ երկրների փորձին, մասնագետները համապատասխան նամակ են ուղարկել Իռլանդիայի կառավարությանը՝ առաջարկելով վիտամին D-ն ներառել կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցների ցուցակում:
Նրանց կարծիքով՝ վիտամին D-ի ամենօրյա ընդունումը կարող է էապես նվազեցնել կորոնավիրուսով վարակման ռիսկը, պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից եւ մահվան ելքից: Մասնագետներն առաջարկել են ընդունել այս վիտամինը որպես կանխարգելիչ խորհրդատվություն՝ ձեռքերը լվանալու, սոցիալական հեռավորության, դիմակներ կրելու եւ տարածքները օդափոխելու հետ մեկտեղ: Նրանց կարծիքով՝ բնական ճանապարհով` սննդից, ինչպես նաեւ արեւի լույսից, հատկապես ձմռանը, անհնար է ստանալ այս տարրի բավարար քանակ:
Մասնագետների կարծիքով՝ վիտամինի օպտիմալ օրական դոզան, որը կարելի է ընդունել համավարակի ժամանակ, կազմում է 20-25 միկրոգրամ: Տարեցները, ավելորդ քաշով պացիենտները եւ մուգ մաշկ ունեցող մարդիկ նախ պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ:
Գիտնականները որպես օրինակ են բերել իսպանական Անդալուզիա ինքնավար շրջանի փորձը, որտեղ ծերանոցներում բնակվող մարդկանց սկսել են վիտամին D տալ: Արդյունքում COVID-19-ից մահացությունը երկու ամսվա ընթացքում 20 անգամ նվազել է:
«Գերմանացի բժիշկների դիտարկումների համաձայն՝ վիտամինի անբավարարություն ունեցող վարակվածները մյուսներից 15 անգամ ավելի հաճախ են հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում եւ ենթարկվում թոքերի օդափոխության»,- նշել է Դուբլինի Թրինիթի քոլեջի Առողջ սննդի ինստիտուտի տնօրեն Դեն Մակքարթնին: