Երբ Արցախը մերն էր, մենք Ռուսաստանին պետք էինք։ Հիմա, երբ Արցախը մերը չէ, Ռուսաստանն է մեզ պետք։
Երբ Արցախը մերն էր, արևմուտքն ուզում էր, որպեսզի մենք ոչնչանանք։ Հիմա, երբ Արցախը մերը չէ, արևմուտքը կրկին ուզում է, որ մենք վերանանք։
Կան բաներ, որոնք հավերժ են...
Հավերժ են նաև մեր ազգի միջի դավաճանները։ Իրենք միշտ կան, միշտ։ Այլ հարց է, թե ինչքան ժամանակ ենք մենք կարողանում իրենց իշխանությունից հեռու պահել։
2018-ին չկարողացանք, ավելին քաջալերեցինք իրանց մուտքը...
Մենք ունենք ազգընտիրների լուրջ պակաս, այ դա մեզ մոտ ամենասարսափելին է։ Մեր ազգընտիրները, չգիտես ինչու, պատմականորեն սպանվում են, մերժվում են, ատելության առարկա են դառնում հենց հայ հասարակության կողմից։
Մենք հերոսներին մերժող ժողովուրդ ենք, մենք հերոսներին սպանող ժողովուրդ ենք, մենք հերոսներին նսեմացնող ժողովուրդ ենք։ Մեզ այդ հերոսները պետք չեն, մեզ պատմականորեն «փրկիչներ» են պետք։
Զավեշտը դրանում է, որ «փրկիչները» սովորաբար գալիս են հենց հերոսներին ու ազգընտիրներին վերացնելու համար։ Իսկ ամենավատն այն է, որ իրենք դա չեն էլ թաքցնում, ավելին բացահայտ հայտարարում են, որ գալիս են հենց դրա համար։
Գիտեմ՝ դժվար է դա ընդունել, գիտակցել, բայց սա անհերքելի փաստ է։
Այսօր նման մի «փրկչի» պատճառով մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ` անկախությունը, Արցախը, հաղթանակած լինելու բերկրանքը, և կրկին աչքերը լայն բացած իրար վրա ենք նայում ու ասում` այս ի՞նչ եղավ...
Եղավ այն, ինչ պարբերաբար մեր ազգին լինում է։ Մի զարմացեք, մենք հայերս այսպիսի հատկություն ունենք. հենց դառնում ենք անկախ, ուժեղ և հաղթանակած, միանգամից լծվում ենք սարքածը քանդելուն։ Քանդում ու կրկին նորից ենք սկսում կառուցելը։
Այսօր կա միայն մեկ հարց. ե՞րբ ենք այս անգամ անցնելու կառուցմանը, ինչքա՞ն դեռ պետք է քանդենք։ Որոշողն էլ միայն մենք ենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս։ Միայն հիշեք, որ երբեմն, երբ ոչնչացնում են ամեն բան, կրկին կառուցել չի ստացվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել