Վերջերս քովիդի հետ կապված նյութեր էի նայում, ցանկանում էի հասկանալ, թե ինչն է այս հիվանդացությունից մահվան պատճառը։ Եվ հայտնաբերեցի զարմանալի մի բան, որ հայաստանյան մեր հասարակությունը և երկիրը՝ որպես մեկ օրգանիզմ, կատարյալ նման են COVID-ով վարակված հիվանդի։ Ինչո՞ւմն է նմանությունը։
Ուրեմն այսպես, երբ որևէ վիրուս ներթափանցում է օրգանիզմ, այստեղ սկսվում են արտադրվել դրան հակադրվող մարմիններ, որոնք հենց այդպես էլ կոչվում են՝ հակամարմիններ։ Վերջիններս վնասազերծում են այդ վիրուսին և շպրտում են օրգանիզմից դուրս։ Բայց կորոնավիրուսի պարագայում տեղի է ունենում զարմանալի մի բան․ այդ խորամանկներն ինչ-որ մեխանիզմով «համոզում են» հակամարմիններին, որ սրանք պայքարեն ոչ թե վիրուսների, այլ սեփական օրգանիզմի առողջ բջիջների դեմ։ «Ինչո՞ւ»․ բնականաբար, հարցնում են հակամարմինները և հավանաբար ստանում են հետևյալ պատասխանը․ «Որովհետև նրանք հին են, ձեր պրոբլեմն այդ հներից է, ա՛յ, եթե դրանց հախից գաք, ձեր օրգանիզմը կլավանա և դուք էլ ձեզ լավ կզգաք»։ Եվ տեղի է ունենում առեղծվածայինն ու զարմանալին․ հակամարմինները հավատում են նման «վերսիային», ինչից հետո վերածվում են զոմբի-հակամարմինների՝ ցիտոկինների, և արդեն սկսում են պայքարել ոչ թե մահացու վիրուսի, այ սեփական առողջ բջիջների և օրգան-համակարգերի դեմ՝ թոքեր, լյարդ, երիկամներ և անգամ սիրտ։ Այդ բանը նրանք անում են մեծ եռանդով և շատ արագ օրգանիզմը հասցնում են մահվան։ Այս երևույթը բժշկության մեջ կոչվում է ՑԻՏՈԿԻՆԱՅԻՆ ՇՈԿ։ Բժիշկներն արձանագրում են, որ կորոնավիրուսի ժամանակ շատ դեպքերում մարդիկ մահանում են ոչ թե վիրուսի, այլ սեփական հակամարմինների գերակտիվության պատճառով։
Նկատեցի՞ք նմանություն մեր հասարակության հետ․ ազգայինի, բարոյականության, բանակի դեմ ներմուծված վտանգավոր վիրուս-գաղափարների դեմ պայքարելու փոխարեն ցիտոկինացված մեր հասարակությունն սկսեց խժռել սեփական բջիջները՝ իր հերոսներին, իր արժեքները, պետական ու հանրային ինստիտուտները, ինչից հետո արդեն 10000 քկմ հայրենիքի տարածքները, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ, 5000-7000 երեխաների կյանքը, 10000 մարդու տարբեր օրգանները, ինչի պատճառով նրանք դարձան հաշմանդամ․․․ Ցիտոկինային շոկն այս պահին արագ ու անվերահսկելիորեն շարունակվում է, և չգիտենք, թե էլ ովքեր ու ինչեր կուլ կգնան ինքնախժռման այս մոլուցքին, և երբ կհասնի անխուսափելի մահը, լեզուս թող չորանա՝ մահը մեր պետականության և մեր ֆիզիկական․․․
Լավ, չկա՞ արդյոք սրան դեղ ու ճար․․․ Բժշկության մեջ կարծես թե արդեն կա, սկսվել են կիրառվել ԻՄՈՒՆՈԴԵՊՐԵՍԱՆՏ բնույթի դեղամիջոցներ, որոնք ճնշում-դեպրեսիայի են ենթարկվում իրենց սեփական օրգանիզմին ակամա դավաճանած ցիտոկիններին։ Վերջիններս «շշկռվում» ու կանգ են առնում։ Այդ պահից օգտվելով՝ օրգանիզմի առողջ բջիջները շոկից դուրս են գալիս, վերակազմակերպվում-վերադասավորվում են ու սկսում են պայքարել օրգանիզմի իրական թշնամիների՝ վիրուսների դեմ ու աստիճանաբար առողջացնել այն։
ՀԻՄԱ ԳԵՐԽՆԴԻՐ Է ԳՏՆԵԼ ԻՄՈՒՆՈԴԵՊՐԵՍԱՆՏ ՄԵԽԱՆԻԶՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ՑԻՏՈԿԻՆԱՑՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՆԳ ԱՌՆԵՆ, ԻՍԿ ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԸ ՍԿՍԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ։
ՉԳԻՏԵՄ՝ ԻՆՉԸ ԿԼԻՆԻ ԱՅԴՊԻՍԻ ՄԵԽԱՆԻԶՄ, ԲԱՅՑ ՄԻՆՉԵՎ ԴՐԱ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ,
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՔՈՒՅՐԵՐ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ, ՈՎՔԵՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԻԲՐ ԼԱՎԱՑՆԵԼՈՒ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԴԱՐՁԵԼ ԵՔ ԴՐԱ ԱՅՍՕՐՎԱ ԹՇՎԱՌ ՎԻՃԱԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ՝ ՎԵՐԸ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ․  ԿԱՆԳ  ԱՌԵՔ։
Առնվազն սահմանափակեք ձեր ֆեյսբուքյան ակտիվությունը, ԼՌԵ՛Ք, մենք արդեն ձեզ լսել ենք, մի կերպ զսպեք ձեզ՝ չհայտնելու սրան-նրան հավանելու կամ չհավանելու վերաբերյալ կարծիքներ, տարածելու անկապ գրառումներ սրա-նրա ունեցվածքի վերաբերյալ, դադարեք հուսալ, որ ինչ-որ մեկի ենթադրյալ ունեցվածքը ձեզ են տալու․․․ Կողմ քաշվե՛ք, ԻՆՔՆԱԴԵՊՐԵՍՎԵ՛Ք, մինչև տեսնենք՝ էս զուլումից ոնց ենք դուրս գալիս․․․
ԱՍՏՎԱ՛Ծ ՋԱՆ, ՓՐԿԻ՛Ր ՄԵԶ, բայց արժան կհամարե՞ս մեզ այս անգամ էլ փրկելու, եթե մենք ինքնասպանության ճամփան ենք բռնել․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել