Ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս այն մասին, որ կորոնավիրուսի ազդեցությունն օրգանիզմի վրա չի սահմանափակվում թոքերի քայքայմամբ։ Հիվանդանալուց հետո թեստի՝ բացասական արդյունք ունենալուց հետո երկար ժամանակ դրա ազդեցությունը շարունակվում է։

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ հոսպիտալիզացված հիվանդների մոտ մեկ երրորդի մոտ ի հայտ են գալիս նյարդաբանական խախտումներ։

«Covid-19-ի նյարդաբանական հետևանքները բավականին լայն են։ Դրանց մի մասը քայքայիչ են, ինչպես, օրինակ, ինսուլտը և ուղեղի էնցեֆալիտը, մյուսները պակաս վտանգավոր են, օրինակ՝ հիշողության թուլացումը։ Երբեմն կարող են առաջանալ նաև մանիաներ և փսիխոզ»,- նշել է Լոնդոնի Քինգս քոլեջի դոկտոր Թոմաս Փոլաքը։

Scientific American ամսագրում հրապարակված հոդվածում նկարագրվում է 40-ամյա Պատրիկ Տորնտոնի հիվանդությունը։ Օգոստոսին թեթև եղանակով տանելով հիվանդությունը՝ սեպտեմբերի վերջին նա հանկարծակի սկսել է կակազել։

Տորնտոնը շարունակում է նաև տառապել արտասովոր սրտխփոցով, գլխացավերով և թուլությամբ, սակայն կակազելը, ըստ նրա, առավել սարսափելի է, քանի որ տղամարդը մաթեմատիկայի ուսուցիչ է և օնլայն դասընթացներ է իրականացնում։

Covid-19-ով հիվանդացած անձանց շրջանում կակազելու դեպքերը գնալով շատանում են։ Վիրուսը երբեմն ազդում է ուղեղի վրա։

«Խոսքը մարդու օրգանիզմի բարդագույն գործառույթներից մեկն է։ Դրա ընթացքում միաժամանակ աշխատում են հարյուրավոր մկաններ և միլիոնավոր նյարդային կապեր»,- հիշեցնում է Միչիգանի նահանգի համալսարանի բժիշկ-նյարդաբան Սու Յունչանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել