News.am-ը գրում է․

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմն ավարտվեց, երբ նոյեմբերի 10-ին երկու երկրները համաձայնեցին գործարք կնքել Ռուսաստանի միջնորդությամբ: Այդ գործարքը վերջ դրեց ավելի քան վեց շաբաթվա մահացու բախումներին, որոնց հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին երկու կողմերից, սակայն նոր մտահոգություններ ծագեցին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագայի և ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակի հետ, գրում է Tehran Times-ը:

«Թեեւ նոյեմբերյան համաձայնագիրը տարածաշրջանի երկրների կողմից գնահատվել էր որպես իրադարձություն խաղաղության և անվտանգության ճանապարհին, այն որոշ երկրներում առաջացրեց խառնաշփոթ և մտահոգություն, որոնք պետք է լուծվեն հնարավորինս շուտ:

Գործարքը հաստատեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող նոր ուղի: Նոյեմբերի 10-ի հայտարարությունը պարունակում էր մի հոդված, որում խոսվում էր Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Մարզի միջև «նոր տրանսպորտային կապերի» մասին, ինչը լուրջ վեճեր առաջացրեց, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ մտահոգություն, քանի որ մարտերը տեղի էին ունենում Նախիջևանից հեռու:

Հրադադարի մասին համաձայնագրի վերջին հոդվածը անորոշ է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաարգելափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը` երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը պատասխանատվություն է կրում տրանսպորտային կապերի վերահսկման համար: Կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կապեր կկառուցվեն, որոնք միմյանց կմիացնեն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները»:

Այս հոդվածը, ակնհայտորեն, կանխամտածված հանվել է հանրային քննարկումներից` խնդրի զգայունության պատճառով: Գործարքում խոսվում է մայրցամաքային Ադրբեջանի և Նախիջևանի միջև «նոր տրանսպորտային կապերի» մասին, բայց չի նշվում, թե որտեղ և երբ են այդ կապերը հաստատվելու: Արդյո՞ք դրանք կկառուցվեն Հայաստանի հետ Իրանի սահմանից ոչ հեռու։ Եթե այո, ապա ինչպե՞ս դրանք կազդեն Իրանի և Հայաստանի միջև սահմանային երթևեկության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել