168.am-ը գրում է.

Առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը, որ հետևում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմանը, փորձարկմանը, դրանց մասին հոդվածներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց՝ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը դեռևս ամենաանվտանգն է, մինչդեռ մեր Առողջապահության նախարարությունը «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշման համաձայն ՝ ձեռք կբերի Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:

«Պատվաստանյութի համար 6 ամսվա պատմությունը շատ քիչ է, որ ասենք, թե այն անվտանգ է, սակայն այդ 6 ամսվա մեջ «Sputnik V»-ն որևէ բացասական ազդցություն չի գրանցել, որը կլինիկական նշանակություն ունենա՝ թե՛ թվային առումով, թե՛ կլինիկորեն: Օրինակ՝ «AstraZeneca» պատվաստանյութից մահանում են մարդիկ, զարգանում է դեմքի կաթված, որը հետո կարող է անցնել, կարող է չանցնել, «Pfizer» պատվաստանյութից մահացել են մարդիկ, «Moderna»-ի պատվաստանյութը նույնիսկ փորձարկումների  մի էտապ շրջանցել է, բայց թույլ են տալիս վաճառքի: Այն մեքենայությունները, որոնք իրականացվում են առողջապահական տարբեր կազմակերպությունների կողմից, որ գրավեն շուկան, դա ոչ մի էական ազդեցություն չպետք է ունենա Հայաստանի համար: «AstraZeneca» պատվաստանյութը, որը թույլատրված է Բրիտանիայում, ունի ընդամենը 70% էֆեկտիվություն, այն պարագայում, երբ մենք ունենք «Sputnik V», որն ունի  90% էֆեկտիվություն: Եթե մենք նույնիսկ թվերը համեմատենք, ապա 70%-ը և  90%-ն իրարից ռեալ տարբերվում են՝ բնակչության առողջության մասին խոսելիս: Կորոնավիրուսի բոլոր պատվաստանյութերը պետք է ավելի մանրակրկիտ կլինիկական փորձարկումներ անցնեն, և հեռահար իրենց բարդություններն ուսումնասիրվեն, նոր կիրառվեն, բայց եթե մենք չունենք որևէ այլ տարբերակ և պետք է որևէ պատվաստանյութ կիրառենք, ապա գերադասելի է ամենաանվտանգը»:

Անդրադառնալով դեռ անցած տարի մեծ աղմուկ բարձրացրած մեկ այլ պատվաստանյութի՝ Գարդասիլին, որի նպատակը մարդու պապիլոմավիրուսի առաջացրած հիվանդությունների կանխարգելումն է, Գևորգ Գրիգորյանն ասաց, որ այդ պատվաստանյութի հետևանքներին նախկինում բազմիցս անդրադարձել են:

«Այս պատվաստանյութի մասին ես բազմիցս ելույթ եմ ունեցել, ով լսեց, հետևություններ արեց, ով ոչ, ենթարկվեց իշխանական քարոզչությանը, և 15.000 հոգու կարողացան նրանք պատվաստել և սպառել Գարդասիլի պատվաստանյութերի չափաբաժինը»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել