Իշխանության մեջ հայտնված մարդկանց անհասկանալի խումբը պնդում է, որ մեր հիմնական պրոբլեմն ընդդիմությունն է․ այ, եթե նորմալ ընդդիմություն լիներ, ապա իրենք ավելի լավը կլինեին ու սթափ կերպով երկիրը կկառավարեին: Ընդդիմությունն իր հերթին հայտարարում է, որ մեր երկրի հիմնական պրոբլեմը ժողովուրդն է․ այ, եթե սթափ ժողովուրդ ունենայինք, ապա մարդիկ էյֆորիայի մեջ չէին ընկնի ու նման իշխանություն չէին ընտրի:
Ինչպես տեսնում ենք, բոլորը մեկ հարցում համաձայն են, խնդիրը մարդկանց մտածողությունն է. և՛ իշխող անհասկանալի խումբը, և՛ նրանց ընդդիմությունը, և՛, առհասարակ, մարդիկ, այսինքն՝ ժողովուրդն ինչ-որ մտածողության գերի են:
Ինչպես հայտնի է, հավաքական միտքը տարբեր մտքերի հավաքույթն է, որոնց հոսքն անվանում են դիսկուրս՝ խոսույթ, այսինքն՝ ինչի մասին են խոսում, ինչպես են խոսում ու ինչ լուծումներ են տեսնում: Պարզեցրինք խնդիրը, մեր պրոբլեմը դիսկուրսն է՝ խոսույթը:
80-ականների վերջից մեր խոսույթի հիմնական թեմաներն են Արցախի խնդիրը, հետո դրան գումարվեց անկախության հարցը ու մշտապես այդ ամենի միջով կարմիր թելի պես անցնող սոցիալական արդարության խնդիրը: Հանրային-քաղաքական այդ դիսկուրսի ապոգեյն է էքզիստենցիալ՝ գոյաբանական հարցադրումը. ո՞վ է մեղավորը՝ իշխանությո՞ւնը, ընդդիմությո՞ւնը, ժողովո՞ւրդը, ղարաբաղցինե՞րը, օլիգարխնե՞րը, ռո՞ւսը, թո՞ւրքը, մասոննե՞րը․․․
«Ո՞վ է մեղավոր» հարցադրումը հայկական քաղաքական կյանքի բոլոր ընտրությունների հիմնական հարցադրումն է։ 80-ականների վերջից մենք պարբերաբար մեղավորներ ենք փնտրում։ Մեղավորները պարբերաբար փոխվում են, իսկ ով ամենաբարձր ու ամենահիստերիկ կերպով է մեղադրում, նա դառնում է ժողովրդի սիրելին։ Սակայն ոչ ոք չի կարողանում պատասխանել հակառակ հարցին՝ իսկ ի՞նչ էինք պլանավորել անել, որը չի ստացվել, ու հետևապես, ի՞նչն է սխալ արվել ու, առհասարակ, մեր ուզածն ի՞նչ է ու դրա արդյունքում իմունային թույլ համակարգ ունեցող ուղեղները պարբերաբար նույն ծուղակում են հայտնվում։
Ցանկացած իրադրությունում կան մեղավորներ, և հիմնական մեղավորները, բնականաբար, որոշումներ ընդունողներն են։ Մեղավորներին պետք է պատժել, դա քննարկման ենթակա չէ, սակայն մեղավոր փնտրելը չի կարող դառնալ մի ողջ ժողովրդի քաղաքական ու հասարակական կյանքի միակ բովանդակությունը։ Երբ «ո՞վ է մեղավոր» հարցադրումը փոխվի մեկ այլ հիմնարար հարցադրմամբ՝ «ի՞նչ անել», ապա դրանով կփոխվի դիսկուրսի՝ խոսույթի ողջ բովանդակությունը, այսինքն՝ մշակույթը, մտքերն ու գործողությունները։
«Ի՞նչ անելն» ինտելեկտուալ աշխատանք է պահանջում և դրանով քչերն են ցանկանում ու կարողանում զբաղվել։ Պատկերացրեք՝ պետք են ուսումնասիրություններ, գրաֆիկներ, մեթոդոլոգիա, թիմ, կադրեր, կարգապահություն, ձանձրալի քննարկումներ ու լիքը անհետաքրքիր բաներ, իսկ «ո՞վ է մեղավորը» ոչինչ չի պահանջում՝ ո՛չ խելք, ո՛չ մեղք, 2018 թիվը վկա։
Դիսկուրսների պատճառով նոր ազգեր ու պետություններ են ձևավորվում, ապրելակերպ ու աշխարհընկալում է փոխվում, քաղաքակրթություններ են մեռնում ու ծնվում։ Կարճ ասած՝ խուսույթի փոփոխության համար էներգիա ու առողջ արկածախնդրություն է պետք, իսկ «ո՞վ է մեղավոր» հարցադրմամբ ոչինչ չի կառուցվում, ընդամենը պետք է մի բիճ և նրա ետևում կանգնած մասովկա, բայց այդ դեպքում անկումն անխուսափելի է, ճիշտ է, մաշեցնող, բայց դրա մեջ եփվողների համար՝ աննկատ։
Հայաստանի այսօրվա գոյաբանական խնդիրը դիսկուրսի փոփոխությունն է․ կարո՞ղ ենք դա անել, թե՞ ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել