Իշխանության մեջ հայտնված մարդկանց անհասկանալի խումբը պնդում է, որ մեր հիմնական պրոբլեմն ընդդիմությունն է․ այ եթե նորմալ ընդդիմություն լիներ, ապա իրենք ավելի լավը կլինեին ու աթափ կերպով երկիրը կկառավարեին: Ընդդիմությունն իր հերթին հայտարարում է, որ մեր երկրի հիմնական պրոբլեմը ժողովուրդն է, այ եթե սթափ ժողովուրդ ունենայինք, ապա մարդիկ էյֆորիայի մեջ չէին ընկնի ու նման իշխանություն չէին ընտրի:
Ինչպես տեսնում ենք, բոլորը մեկ հարցում համաձայն են, խնդիրն մարդկանց մտածողությունն է. և իշխող անհասկանալի խմբը, և նրանց ընդդիմությունը, և առհասարակ մարդկանց, այսինքն ժողովրդը ինչ-որ մտածողության գերին են:
Ինչպես հայտնի է, հավաքական միտքը տարբեր մտքերի հավաքույթն է, որոնց հոսքն անվանում են դիսկուրս՝ խոսույթը, այսինքն ինչի մասին են խոսում, ինչպես են խոսում ու ինչ լուծումներ են տեսնում: Պարզեցրեցինք խնդիրը, մեր պրոբլեմը դիսկուրսն է՝ խոսույթը:
80-ականների վերջից մեր խոսույթի հիմնական թեմաներն են Արցախի խնդիրը, հետո դրան գումարվեց անկախության հարցը ու մշտապես այդ ամենի միջով կարմիր թելի պես անցնող սոցիալական արդարության խնդիրը: Հանրային-քաղաքական այդ դիսկուրսի ապոգեյն է էքզիստենցիալ՝ գոյաբանական հարցադրումը. ո՞վ է մեղավորը:
"Ո՞վ է մեղավորը" հարցադրումը հայկական քաղաքական կյանքի բոլոր ընտրությունների ու քաղաքական կյանքի հիմնական հարցադրումն է։ 80-ականների վերջից մենք պարբերաբար մեղավորներ ենք փնտրում։ Մեղավորները պարբերաբար փոխվում են։ Ով ամենաուժգինն է մեղադրում, նա դառնում է ժողովրդի առաջնորդը։ Սակայն ոչ ոք չի կարողանում պատասխանել հակառակ հարցին, իսկ ինչ էինք պլանավորել, որը չի ստացվել, ի՞նչն է սխալ արվել ու, առհասարակ, ճիշտը որն է։
Ցանկացած իրդրությունում կան մեղավորներ և հիմնական մեղավորները, բնականաբար, որոշումներ ընդունողներն են։ Մեղավորներին պետք է պատժել, դա քննարկման ենթակա չէ, սակայն մեղավոր փնտրելը չի կարող դառնալ մի ողջ ժողովրդի քաղաքական ու հասարակական կյանքի միակ բովանդակությունը։ Երբ "ո՞վ է մեղավոր" հարցադրումը փոխվի մեկ այլ հիմնարար հարցադրմամբ․ "ի՞նչ անել", ապա դրանով փոխվում է դիսկուրսի՝ խոսույթի ողջ բովանդակությունը։
"Ինչ անելն" ինտելեկտուալ աշխատանք է պահանջում և դրանով քչերն են ցանկանում ու կարողանում զբաղվել։ Պատկերացրեք, պետք են ուսումնասիրություններ, գրաֆիկներ, մեթեդոլոգիա, թիմ, կադրեր, կարգապահություն, ձանձրալի քննարկումներ ու լիքը անհետաքրքիր բաներ, իսկ "ով է մեղավորը"-ը ոչինչ չի պահանջում՝ ոչ խելք, ոչ մեղք, 2018 թիվը մեզ վկա։
Դիսկուրսների պատճառով նոր ազգեր ու պետություններ են ձևավորվում, ապրելակերպ ու աշխարհընկալում է փոխվում, քաղաքակրթություններ են մեռնում ու ծնվում։ Մի խոսքով, էներգիա ու առողջ արկածախնդրություն է պետք, իսկ "ո՞վ է մեղավոր" հարցադրմամբ, ոչինչ չի կառուցվում, ընդամենը պետք է մի բիջ և նրա ետևում կանգնած մասովկա, բայց անկումն անխուսափելի է, ճիշտ է մաշեցնող ու դրա մեջ էփվողների համար աննկատ։
Հայաստանի այսօրվա էքզիստենցիալ խնդիրը դիսկուրսի փոփոխությունն է, կարո՞ղ ենք դա անել, թե՞ ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել