1in.am-ը գրում է.
Այսօր «Առաջին լրատվական»-ն անանուն քաղաքացուց նամակ է ստացել, որում ներկայացվում է Հայաստանում դատաբժշկի կաշառք վերցնելու և արդյունքում կեղծ դատաբժշկական եզրակացություն կազմելու մի դեպք:
Նամակագիրը պատմում է, թե ինչպես է հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոն բաժին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ հունիսի 14-ի գիշերը Աշոտ Փիլոսյանի կողմից իր նկատմամբ կատարված բռնաբարության փորձի մասին:
Նշված է, որ նամակով դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին:
«Առաջին լրատվական»-ը ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից պարզեց, որ հուլիսի 30-ին դատախազությունը ստացել է բողոքը, ինչն ուղարկվել է ըստ քննչական պատկանելության՝ քննարկելու և ընթացք տալու համար:
Նա միաժամանակ տեղակացրեց, որ նամակում ճիշտ չի գրված այն, որ առ այսօր ի սկզբանե ներկայացված հաղորդագրության մասին որևէ որոշում չի կայացվել, քանի որ դեռևս հուլիսի 22-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի հատկանիշներով.
«Ասել է թե դեպքի կապակցությամբ կա հարուցված քրեական գործ, և նրա բողոքը արդեն հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկման առարկա կդառնա»,- հավելեց Սոնա Տռուզյանը: