Vemard.com-ը գրում է.
Օգոստոսի 4-ին, ժամը 11.00-ին, Սևան քաղաքի մի բնակչուհի հաղորդում է տվել ոստիկանության Սևանի բաժնում, որ դուստրը՝ 2000 թ. ծնված Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Ոստիկանության Սևանի բաժնի և ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սևան քաղաքի Սայաթ-Նովա – Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում: Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել է, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից: Ոստիկանության ԱԳԲ ծառայողները ներգրավել են հոգեբանների և այլ մասնագետների, որոնք աշխատում են աղջկա հետ: Սևանի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: