Արյունաքամ ենք լինում, բոլորս անխտիր արյունաքամ ենք լինում։
Պարզապես տարբերությունն այն է, որ կան մարդիկ, որոնք ուղղակի խելագարվելով, ատամները սեղմած փորձում են ըմբոստանալ նրանց դեմ, ովքեր մեր երակները քրքրում են իրենց «թուրքական» ատամներով և նրանց, ովքեր, գտնվելով տեղեկատվական նարկոզի տակ, արյունաքամ լինելով, միևնույն է, բղավում են «Նիկոլ վարչապետ» կամ «սևերն են մեղավոր»։
Փաշինյանը և իր թիմը ո՛չ երեկ էր սկսել մեր ազգային «երակները» հոշոտել, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրը։
Շուշիի մասին իր թրքահաճո խոսքերը միամիտ չեն հասունացել, իրենց հասունացրել են բոլորը, և այդ թվում՝ շատ-շատերը, ովքեր հիմա կարդում են այս տողերը...
Այո’, թուրքերին և ադրբեջանցիներին մեր երկիրը և պատիվը հանձնելու գործընթացն սկսեց այն պահից հետո, երբ գրեթե բոլորը լռեցին, երբ իրենք հայտարարեցին, որ, օրինակ, Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի հայերին և ադրբեջանցիներին։
Կամ երբ ելակով ու անպիտան ինքնաթիռներով փակեցին մեր աչքերը։
Իհարկե, այս ընթացքից առաջ միլիոնավոր դոլարներ ներդրվեցին տեղեկատվական դաշտի մեջ մեզ համոզելու համար, որ մեր թշնամին ոչ թե մարդասպան Ալիևն է կամ նոր օսմանյան սուլթան Էրդողանը, այլ հայերը... Այո՛, մարդկանց համոզեցին, որ իրական թշնամին «սև», «նախկին», «թալանչի» հայերն են։
Հետո եկավ պատերազմ, և արի ու տես, որ մեզ սկսեցին ոչնչացնել ոչ թե «վատ հայերը», այլ «կառուցողական և կիրթ» թուրքերը։
Կարծես թե մենք պետք է հենց այդ պահից հասկանայինք, որ մեր երակներից արյուն է ծորում, բայց նույնիսկ սրանց խայտառակ պարտությունը և մեր Հայրենիքի մի մասը թուրքին նվիրելը չսթափեցրեց մեզ։
Մենք ապրում ենք մի հիմար իրավիճակում, երբ, ամեն օր կորցնելով Հայրենիքը, ամեն օր գտնվելով բարոյահոգեբանական սթրեսի մեջ, մեզ, միևնույն է, շարուկանում են համոզել, որ մեղավորը ոչ թե նրանք են, ովքեր կոտրեցին մեր մեջքը և կտրեցին մեր երակները, այլ կրկին «սևերը», «ընդդիմությունը», «ռուսները», «հանգամանքները», բայց ոչ իրենք։
Գիտեք՝ մենք անվերջ չենք կարող արյունահոսել, մենք ունենք երկու ելք՝ կա՛մ արյունաքամ լինենք և ազգովի վերանանք, կա՛մ շատ արագ հրաժեշտ տանք նրանց, ովքեր իրենց թուրքական ատամներով շարունակում են քրքրել մեր երակները։
Ես պայքարելու եմ մինչև վերջ, որովհետև համոզված եմ, որ եթե եկել է մեր ազգի համար վճռական պահը, ապա խոնարհ գլխով մենք չպիտի վերանանք, այլ պարտավոր ենք կռվել։
Որովհետև պայքարը ազգին և երկրին առայժմ տալիս է մի փոքր շանս, իսկ հնազանդ արյունաքամ լինելը հաստատ կբերի մահվան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/441753227195892
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել