Այսօր պաշտոնը ստանձնում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը։
Բնականաբար, մեզ հետաքրքրում է, թե ինչ է Բայդենի նախագահությունը տալու Հայաստանին:
Միանգամից ասեմ: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ:
Ինչո՞ւ։ Եթե շատ կարճ, ապա ամերիկյան քաղաքականության ազդեցությունը Հայաստանի վրա ունի հետևյալ աստիճանակարգումը, և այստեղ կա երեք բաղադրիչ․
1. Գլոբալ քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա, տարածաշրջանային քաղաքականությունը և դրա ազդեցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: Նախ՝ կանդրադառնամ առաջին երկուսին:
2. Բնական է, որ գլոբալ քաղաքականությունը, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա: Ռազմավարական դաշնակցի նկատմամբ տնտեսական ճնշումները, հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուղիղ հարվածում են նաև մեր տնտեսությանը, իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են բարդացնում մանևրելու մեր հնարավորությունը:
Թուրքիայի պարագայում, կարծում եմ, նոր վարչակազմը նույնպես կփորձի հարաբերությունների հաստատման փորձեր ձեռնարկել Հայաստանի հետ:
3. Այսինքն՝ գլոբալ քաղաքական գործընթացները մեզ վրա ազդեցություն ունենում են առանց մեր կամքի։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը կլինի «Метод кнута и пряника»՝ համեմված պրագմատիկ լուծումներով: Այսինքն՝ թույլ կետերին մշտապես կխփեն, բայց ոչ շատ ուժեղ: Նոր վարչակազմը որոշ ուղղություններով կհամագործակցի ՌԴ-ի և Իրանի հետ, սակայն հարաբերությունների ամբողջական կարգավորում պետք չէ ակնկալել։ Նոր վարչակազմը նույնպես Ռուսաստանի հետ մնալու է մշտական մրցակից, Իրանի հետ՝ հակառակորդ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կճնշեն այնքան բալանսավորված և վարպետորեն, որ ոչ իր տեղը մոռանա, ոչ էլ Ռուսաստանին շատ գրկախառնվի։
4. Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության շտկումներ կլինեն՝ հաշվի առնելով վերջին պատերազմն ու դրանից հետո ձևավորված իրողությունները, ինչպես նաև ՄԽ համանախագահ լինելու և գործընթացներից որոշակիորեն դուրս մղված լինելու հանգամանքները: Սակայն գլոբալ փոփոխություններ, ինչպես արդեն նշեցի, պետք չէ ակնկալել:
Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին (կամ դրա բացակայությանը) կանդրադառնամ հաջորդիվ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10159100568740421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել