Ռազմագերիները դառնում են պատանդ այն ժամանակ, երբ պատանդառուն նրանց օգտագործում է քաղաքական նպատակների համար, այսինքն՝ հակառակ կողմին ստիպում է կատարել իր համար նպաստավոր քայլեր, գնալ զիջումների կամ ուղղակի շանտաժի ու լարվածության մեջ է պահում: Դա հասկանալի է, սակայն անհասկանալի է մյուս կողմի պահվածքը: Փաստորեն, ՀՀ այսպես կոչված իշխանությունը ռազմագերիների առկայության փաստում նույնպես շահառու է:
Տեսեք, երբ նրանցից պահանջում են հրաժարական տալ, կամ երբ նրանց դեմ տարբեր ակցիաներ են իրականացնում, կամ թեկուզ քննադատության են ենթարկում, ապա հիմնական պատասխանն այն է, որ իրենց խանգարում են զբաղվել գերիների ազատ արձակելու գործում, կամ լավագույն բանակցողը ձեզ հայտնի անձն է, ում անունը չեմ էլ ցանկանում տալ: Այսինքն՝ գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև գործող իշխանության, իսկ մենք հոգեբանական շանտաժի զոհերն ենք:
Այս իմաստով եթե Ադրբեջանի պահվածքը հասկանալի է, ապա Հայաստանի գործող իշխանության գործելակերպը ոչ միայն անընդունելի է, այլև երկիմաստ (ավելի վատ բառ չեմ օգտագործում):