Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը ներկայացրել է THE LINE-ը՝ առանց ավտոմեքենաների, ճանապարհների և վտանգավոր արտանետումների ֆուտուրիստական քաղաքի նախագիծը:

«Քաղաքներում, որոնք համարվում են ամենազարգացածներն աշխարհում, մարդիկ իրենց կյանքի տարիներն անց են կացնում երկար ու ձիգ ճանապարհներին՝ աշխատանքի գնալիս: 2050 թ. երթևեկությունների տևողությունը կրկնակի կավելանա, իսկ մարդկանց 90%-ը աղտոտված օդ կշնչի: Ինչու՞ պետք է զարգացման համար զոհենք բնությունը: Ինչու՞ է տարեկան յոթ միլիոն մարդ մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով», - հայտնել է արքայազնը:

THE LINE նախագծում խոշոր քաղաքային կառույցը նախագծված է մարդկանց շուրջ, այլ ոչ ճանապարհների: Բանալի սկզբունքն այն է, որ մարդիկ կարողանան բոլոր անհրաժեշտ վայրեր հասնել ոտքով: Բոլոր հիմնական ծառայությունների կենտրոնները, դպրոցները, բժշկական հաստատությունները, զվարճանքի վայրերը, կանաչապատ տարածքները այնպես դասավորված կլինեն, որ մի վայրից մյուսը հասնել հնարավոր լինի հինգ րոպեում:

Քաղաքը բաղկացած կլինի 170 կմ երկարություն ունեցող շղթայական բնակավայրերից: Գերարագ տրանսպորտը երթևեկությունն առավել պարզ կդարձնի. այն կտևի ոչ ավելի, քան 20 րոպե: Ի դեպ, տրանսպորտային համակարգը կկառուցվի ստորգետնյա տիրույթում: Քաղաքում կօգտագործվի բացառապես մաքուր էներգիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել