Տեխասի A&M համալսարանի գիտնականները, որոնք նոր կլիմայական ուսումնասիրության հեղինակներն են, տեղեկացնում են, որ գլոբալ տաքացումը և ջերմաստիճանի համաշխարհային փոփոխությունը կարող է կայունանալ մի քանի տասնամյակի ընթացքում: Սակայն այս գործընթացը մեծապես կախված է լինելու հենց մարդկանցից:

Գիտնականները նշում են, որ խնդիրն այն է, որ արդյունքները մեծ մասամբ կախված են այն բանից, թե որքան արագ աշխարհը արդյունահանվող վառելիքից անցում կկատարի «կանաչ» էներգետիկային, իսկ ջերմոցային գազերի արտանետումները կհասնեն զրոյի: Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ դա բավականին բարդ առաջադրանք է, քանի որ շատ պետություններ մինչ օրս չեն վավերացրել 2015 թ. Փարիզի համաձայնագիրը, որի նպատակը մոլորակի «ջերմացման» գործընթացի դանդաղեցումն է: Եթե արտանետումները հնարավոր լինի որևէ եղանակով նվազեցնել, ապա մարդկությունը հնարավորություն կունենա հաղթելու «կլիմայական պատերազմում»:

Շատ մասնագետներ կարծում են, որ եթե արտանետումները կրճատվեն, ապա մոլորակը կշարունակի տաքանալ, սակայն նոր ուսումնասիրության հեինակները փորձում են ապացեւցել հակառակը: Ըստ նրանց տվյալների՝ եթե արտանետումները 2050 թ. դրությամբ կրճատվեն, ապա «մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը կդադարի բարձրանալ, իսկ կլիման կկայունանա մի քանի տասնամյակի ընթացքում»: Կլիմայագետ Մայքլ Մանը, ով, սակայն, չկա գիտնականների վերոնշյալ խմբում, նշել է, որ «դա նշանակում է, որ մեր գործողությունները ուղիղ և անմիջական ազդեցություն ունեն մոլորակի մակերևույթի տաքացման վրա», իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ մարդկությունը պետք է գործի առավել պատասխանատու և զգուշավոր եղանակով:

Սակայն, չնայած իրենց իսկ կողմից արված եզրահանգումներին, աշխատանքի հեղինակները շեշտում են, որ այժմ ոչ մի իմաստ չունի պարզելը՝ ինչ կլինի հետագայում՝ արդյոք մոլորակը կշարունակի տաքանալ, թե ոչ: Թունավոր գազերի արտանետումը յուրաքանչյուր պարագայում տեղի է ունենալու, իսկ դա ներկայիս գլխավոր խնդիրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել