1lurer.am-ը գրում է․

Ազգային ժողովը 40 կողմ, 73 դեմ ձայներով մերժեց նստաշրջանի օրակարգ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդգրկվելու առաջարկը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, խոսելով նախագծի մասին, ասաց. «Մենք ունենք փաստ, որ այդ փաստաթուղթն արդեն իսկ մեծամասամբ կիրառվել է: Արցախի Հանրապետության զորքերը դուրս են եկել որոշ տարածքներից: ՀՀ-ն էլ չգիտեմ ինչ է քննարկում Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների բացման հետ կապված: Այս փասթաթղթում մեկ կետ է մնացել, որ դեռևս կենսագործված չէ, և մենք առաջարկում ենք օգտագործել այդ հնարավորությունը և այդ կետը քննարկել այս դահլիճում: Խոսքը վերաբերում է ռազմագերիներին վերադարձնելու հանգամանքին: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հերթական առիթը օգտագործենք, որ այս ամբիոնից հարցը բարձրաձայնենք՝ ընդգծելու համար ռազմագերիներին պատանդ պահելու միջազգային իրավունքի ակնհայտ խախտումը, որը հանցագործություն է Ադրբեջանի կողմից»,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ պատգամավորները կարող են ելույթներում ասել, որ այս նախագիծն ընդունելիս իրավական խնդիրներ կան Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի հետ: «Սակայն այստեղ խոսքը վերաբերում է մի քիչ ավելի լայն մտահորիզոն ունենալուն, լայնախոհ մտածմունք դրսևորելուն և օգտագործելուն քաղաքական հնարավորությունը՝ խնդիրը ևս մեկ անգամ բարձրացնելու համար»,- ասաց նա:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ ներկայացված նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և արժանացել բացասական եզրակացության:

«Հանձնաժողովը հիմնավորել է իր բացասական եզրակացությունը նրանով, որ ԱԺ-ն այս հարցի իրավաչափությունը քննարկելու նախ՝ լիազորություն, ապա՝ ընթացակարգ չունի: Յուրաքանչյուր մարմին, այդ թվում՝ ԱԺ-ն, կարող է իրականացնել լիազորություններ, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և այլ օրենքներով»,- ասաց Ջուլհակյանը՝ նշելով, որ ԱԺ-ն չունի նման նախագիծ քննարկելու լիազորություն: «Դուք ճիշտ եք, որ ռազմագերիների հարցը թիվ մեկն է ՀՀ օրակարգում և այս առումով ԱԺ-ն պետք է իր ձայնը բարձրացնի: Բայց այս նախագծի հետ այդ գերկարևոր հարցը որևէ առնչություն չունի»,- ասաց Ջուլհակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել