News.am-ը գրում է.

Չեմ ցանկանում այդ թեմային անդրադառնալ, քանի որ այն, ինչ մենք արել ենք ռազմի դաշտում,  դրա գնահատականը տվել է Պաշտպանության բանակի հրամանատարությունը, տեսել են պատերազմի մասնակիցները, եւ այն ստահոդ տեղեկություններին, որ տարածում են իմ եւ իմ կողմնակիցների մասին, բանականություն ունեցող որեւէ անհատ չի կարող հավատալ։ Այս մասին Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների վանաձորյան հանդիպումից հետո NEWS.am-ին ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով ԱԱԾ մեկ այլ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ Շուշին լքելու վերաբերյալ հայտարարությունների մասին հարցին։

«Դասալիքն իրենք են՝ իրենց ամբողջ կյանքով, իրենք փախել են ամեն ինչից, իրենց պատճառով պարտվել ենք, իրենց պատճառով կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5 հազարից ավելի զոհվածներ, 10 հազարից ավելի վիրավորներ, անվտանգային խարխլված համակարգ, ահագնացող տնտեսական ճգնաժամ, արտաքին գործընկերների հետ վատ հարաբերություններ։ Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, ես ասացի, որ նրա նշանակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Ցավոք, այդ կանխատեսումս իրականություն դարձավ։ Բայց ես այդ մասին չէի խոսի, որովհետեւ մենք ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ եւ ես ասել եմ, որ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ, լծվել մեկ գործի եւ պաշտպանել հայրենիքը։ Նա խախտում է այդ պայմանավորվածությունը, եթե իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե պատվերներ է կատարում՝ առավել եւս։ Արթուր Վանեցյանն ու «Հայրենիք» զորախումբն ամբողջությամբ ներգրավված են եղել ռազմական գործողությունների մեջ, պատերազմի երկրորդ օրվանից։ Կարճ ժամանակով եկել ենք Երեւան, հետո ավելի մեծ կազմով ենք մեկնել Արցախ։ Մարտնչել ենք ամենադժվար տեղերում, չենք խուսափել, ու խնդրում եմ՝ փակենք այդ թեման», ասել է Արթուր Վանեցյանը։ Նույն թեմայով եւս մեկ հարցի ի պատասխան, Վանեցյանն ասել է, որ իրենց գործողությունների գնահատականը տվել է նաեւ Շուշիի մատույցներում Շոշի հատվածի պատասխանատու գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, ԱԱԾ տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանը։

Անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման մարզային հանդիպումներին, Արթուր Վանեցյանն ասել է, որ դրանք կրելու են մշտական բնույթ եւ իրականացվելու են ծրագրված բոլոր հանդիպումները։

«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ ազատվենք այս իշխանություններից։  Լոռեցիների հետ հանդիպումը շատ լավ անցավ, շատ ջերմ, շատ լավ հարցեր հնչեցին», ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Արթուր Վանեցյանը եւս մեկ անգամ հերքել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին լուրը, շեշտելով, որ նմանաբնույթ լուրերի հաճախակի տարածման նպատակը երկրի իրական օրակարգից շեղելն է, նրա խոսքով՝ ամեն ինչ  փչացնելը, իսկ  անհեթեթությունները նույնիսկ հերքման կարիք չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել