Համաձայն գիտական հետազոտությունների արդյունքների՝ այժմ երկրային ուղեծրում ավելի քան 128 միլիոն կտոր 1 մմ չափս ունեցող և 34,000 ավելի քան 10 սմ չափս ունեցող տիեզերական աղբ գոյություն ունի։ Աղբը ներառում է տարատեսակ առարկաներ՝ հրթիռների հին դետալներից մինչև ներկի չորացած կտորներ։

Շարժվող աղբը կարող է վնաս հասցնել արբանյակներին։ Անգամ մինչև 1 սմ չափս ունեցող կտորները կարող են իրենց շարժման արագության շնորհիվ ամբողջական արբանյակներ կործանել։

Արհեստական արբանյակներն օգտագործվում են կապի համար, օրինակ՝ արբանյակային հեռուստատեսության և հեռախոսակապի, նավիգացիայի ապահովման համար։ Տիեզերական այս սարքավորումները կարևոր են եղանակի կանխատեսման, փոթորիկների, աղտոտվածության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու ոլորտում։

2019 թ. ի վեր Տիեզերքում գոյություն է ունեցել ավելի քան 5000 արբանյակ, սակայն այսօր ակտիվ է դրանցից միայն 2000-ը։ Դա նշանակում է, որ Տիեզերքում շարժվում է շուրջ 3000 պասիվ արբանյակ, որոնց մեծ մասը քայքայվել կամ պայթել է՝ բեկորները տարածելով տիեզերական տարածությունում։

Չնայած որ մասնագետները հուսով են, որ արբանյակները կկարողանան դուրս գալ ուղեծրից և այրվել երկրային մթնոլորտում, երբ դրանց գործողության ժամկետն ավարտվի, այնուամենայնիվ, տիեզերական աղբը ոչ թե տեսական վտանգ է, այլ իրականություն։

Տիեզերական օպերացիաների եվրոպական կենտրոնը հարյուրավոր զգուշացումներ է ստանում այն արբանյակների բախումների մասին, որոնք գտնվում են գործակալության ղեկավարության ներքո։ Միջինում յուրաքանչյուր երկու շաբաթում հարկավոր է լինում նոր հնարքներ կիրառել՝ կանխելու համար հերթական բախումը։

Հետևությունն այն է, որ հարկավոր է մշակել հատուկ գործիքներ, որոնք ունակ կլինեն հեռացնելու տիեզերական աղբը մեր մոլորակի ուղեծրից։ Նախորդ տարի Մեծ Բրիտանիայի կառավարությունը յոթ մասնավոր ընկերության 1-ական միլիոն ֆունտ ստեռլինգ շնորհեց՝ այդ աշխատանքով զբաղվելու համար։ 2025 թ. ուղեծիր կուղարկվի հատուկ տիեզերանավ-հավաքարար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել