Իրավական ռեֆորմից ռեֆորմ ենք ցատկոտում: Բալային համակարգի բարեփոխումը մնաց կիսատ. վարորդները կասեցված կամ զրկված վիճակում շարունակում են երթևեկել, նրանց հայտնաբերելը պատահականության հարց է: Պարեկային ոստիկանության մեքենաները չկահավորվեցին համապատասխան տեխնիկական միջոցներով, օրենքի կիրառման նկատմամբ արդյունավետ տեխնիկական հսկողություն ապահովելու խոստումները չկատարվեցին: Հիմա այս մասին խոսելն անգամ արդիական չէ: Ցանկանում էինք լավը, ստացվեց ինչպես միշտ:
Հիմա էլ մասնագիտացված դատավորներ: Եղածներն իբրև քիչ են կալանավորում, անվստահելի են ու որպես իրավիճակի շտկման միջոց՝ ծնվում են կասկածելի, անապացույց հիմնավորումներով օրինագծեր: Մինչև 2018 թվականի իրադարձությունները մեղադրանքի իշխանության ներկայացուցիչների քրեական գործերով հաջողության հասնելու հիմնական երաշխիքներից մեկը կալանքների անխուսափելիությունն էր՝ չնչին բացառություններով ու անխնա ներքին ու արտաքին քննադատություն կար, հետևողական ճնշումներ իշխանության վրա քաղաքացիական հասարակության կողմից: Բա հիմա ինչ պատահեց: Ինչո՞ւ են արվում քայլեր, որոնցից կարելի է ենթադրել, որ հիստերիկ ցանկություն կա վերականդանացնելու ինկվիզիցիոն նախաքննությունը, ուժեղացնել կալանքի պատժիչ էֆեկտը: Զգուշավորություն է պետք դրսևորել, ոչ թե իրավիճակային պաթոս: Սրա արդյունում քննիչները գրեթե կորցնելու են ապացույցներ հավաքելու հմտություններն ու հավի գողություն բացահայտողին հարկադրված եք լինելու հերոսի կոչում տալ: Դատարանների նկատվող զսպվածությունը կալանավորման հարցերով, հատկապես հնչեղ կամ քաղաքական երանգավորում ունեցող գործերով, հետհեղափոխական եզակի ձեռքբերում է, ոչ թե դատական համակարգի արատ: Դատական նման քաղաքականության պետական խրախուսումը, նախաքննության փուլերում մրցակցության տարրերի ընդլայնման հետ միասին, կենդանի, մրցունակ վիճակում կպահի քրեական հետապնդման մարմիններին, կդարձնի ավելի նախահարձակ ու հասարակության համար պիտանի, որովհետև հարկադրելու է գործել պրոֆեսիոնալ ու ստեղծագործ: Հակառակ քաղաքականությունը կարող է բերել օրակարգային ինչ-ինչ խնդիրների լուծմանը, բայց նաև հանգեցնելու է իրավապահ համակարգի անխուսափելի, վերջնական դեգրադացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել