Երբ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրի Էկոնոմիկայի նախարարը խոսում է այն մասին, որ տնտեսության վերականգնման համար կա «քայլերի երկար ցուցակ», ապա այդ նախարարից ակնկալիքն օր առաջ այդ ցուցակն իր շահառուներին՝ տնտեսական սուբյեկտներին, պարզ ու մատչելի լեզվով հասանելի դարձնելն է: Այն, որ կան մշակված քայլեր, դրական ազդակ է տնտեսության համար, բայց կարող է նաև առաջանալ մտավախություն, որ այդ ցանկից կարող են օգտվել միայն կամ առավելապես դրանց նկատմամբ ավելի շուտ հասանելիություն ստացողները:
Իսկ ահա երբ Էկոնոմիկայի նախարարը խոսում է այն մասին, որ ամեն օր հանդիպում է ներդրողների, տալիս է նրանց խնդիրներին լուծումներ, ապա այստեղ միայն ակնկալիքներով դժվար է սահմանափակվել:
Առաջին հայացքից դրական թվացող այդ գործընթացն իրականում, պարտադիր չէ, բայց կարող է որոշակի մտահոգությունների տեղիք տալ:
Օրինակ, ի՞նչ սկզբունքով են որոշվում՝ ում հետ հանդիպել, ի՞նչ սկզբունքով են տրվում խնդիրների լուծումները, որտե՞ղ է կոռուպցիայի և արտոնյալների դեմ պայքարող կառավարության առանձնահատկությունը, երբ չհայտարարված ներդրողների հետ անձնական մակարդակով կարող են լուծվել նրանց խնդիրները, ինչու՞ չի երևում ներդրումների միասնական, թափանցիկ պետական քաղաքականություն, որի ներքո գործել/չգործելու՝ ներդրողի որոշումը կկայացվի ոչ թե նախարարի գրասենյակում, այլ՝ իր սեփական տիրույթում:
Եթե այդ առանձին հանդիպումները որոշակի շեմից բարձր ներդրումների նկատմամբ տարվող քաղաքականության տրամաբանության ներքո են, ապա դրա մասին պետք է ասել՝ հղվելով ներդրումային պետական քաղաքականության համապատասխան կետի վրա, որպեսզի մնացած ներդրողների մոտ չառաջանան վերոթվարկյալ անհանգստությունները:
Իսկ եթե սա նոր «սրտի գործարարներ» ձեռք բերելու գործընթաց է, կամ եթե հանգեցնի դրան, ապա արդյունքում գրանցվելիք տնտեսական աճը, լինի դա միանիշ, թե երկնիշ, տնտեսության համաչափ և հետևաբար՝ կայուն զարգացման տեսանկյունից առաջացնում են մի շարք մտահոգություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել