Այսօր լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ ներկայացվում էր, թե որքան լարված են նիկոլի ու քաղաքապետ Հայկի հարաբերությունները: Որ պատեհ-անպատեհ նա հայհոյում է Հայկին և բարձրաձայնում Հայկին քաղաքապետ դարձնելու սխալ լինելը:

Որ Հայկ Մարությանը Երևանի վատագույն քաղաքապետն է և ձախողել է մեր քաղաքի կառավարումը, խոսել եմ երկու տարուց ավելի: Որ մշտապես պահանջել եմ քաղաքապետի հրաժարականը երևանցիներին խաբելու համար, իմ կողմից եղել են բազմաթիվ հարցազրույցներ և հրապարակումներ: Հրաժարականի տրամաբանությունս նրանում էր, որ Երևանում կայանային նոր ընտրություններ ոչ էյֆորիկ վիճակում:

Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք հիմա։

Կա երկու տարբերակ։

Առաջինը՝ Հայկի հրաժարականի դեպքում ընտրել ավագանու անդեմ ուսապարկերից մեկին ( ՔՊ-ականներն են իրենց ցուցակներով ընտրվածներին համեմատում ուսապարկերի հետ): Այդ դեպքում Երևանից կմնան փլատակներ։ Հայկ Մարությանից հետո դա կլինի վերջնական հարված Երևանին․ մեր քաղաքին նիկոլը նոկաուտի կենթարկի:

Երկրորդ տարբերակը նոր ընտրություններն են: Ինչպես գիտենք, բոլոր պետություններում ընտրություններ անցկացնելը սթրես է պետության համար: Ինչքան ամուր է պետական համակարգը, այնքան այդ սթրեսը պետությունը թեթև է տանում:

Արդյո՞ք մեր պետական համակարգն ամուր է, միանշանակ ո՛չ:

Այսինքն՝ նոր ընտրության տանելով՝ նիկոլը նոկաուտի կենթարկի ամբողջ պետությունը:

Էնպես որ նիկոլը թող ոչ մի տեղ չփնտրի արկածախնդրություն, որովհետև բոլոր պրոբլեմների լուծումները սկսվելու են իր իսկ հրաժարականից հետո:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, մի անգամ ասել եմ իր անելիքները.

1. Մեր հանրությունից ներողություն է խնդրում սև-սպիտակ թեզը առաջ քաշելու համար:

2. Հենց ինքն է հրապարակային պահանջում իր «երբեմնի» ղեկավարի հրաժարականը:

3. Մասնակցում է Արցախի ու մեր ամբողջ հայրենիքի համար քաղաքացիական անհնազանդություններին, չէ՞ որ 50 դրամի համար ինքը դա անում էր:

Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրա՞մն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել