168.am-ը գրում է․

Պատերազմում մենք պարտվել ենք, որովհետև դրանից առաջ հաղթել ենք պետության դեմ հայտարարված պատերազմում։

Հաղթել ենք անհատապես ու հավաքականորեն։

Հաղթել ենք՝ պարտվելով մեզ հայտարարված մտավոր ու հոգեբանական պատերազմում, որովհետև Հայաստանում պետությունը վերացվել է առաջին հերթին ու առավելապես մարդկանց մտքերում ու հոգիներում։

Պետության դեմ պատերազմը վարվել է երկար, տարիներ, տասնամյակներ շարունակ։ Վարվել է անտեսանելի ձեռքերով ու կոդերով, որոնք հավաքականության մեջ հայ մարդու մտքում ու հոգում պետությունը ստորադասել են ամենայնին։

Պատերազմում մեր պարտության առաջին քարը դրվել է այն ժամանակ, երբ պետությունը պակաս կարևոր է համարվել՝ որևէ այլ արժեքի համեմատ։ Այդ այլ արժեքները եղել են բազմաբնույթ ու տարասեռ, բայց ընդհանրության մեջ դրանք արտահայտվել են «լավ ապրելու» մղումով։ Եվ ահա, պատերազմում մեր պարտության առաջին քայլը, իսկ գուցե՝ գլխավորը, դրվել է այն ժամանակ, երբ մեր անհատական ու հավաքական գիտակցության մեջ պետությունը ստորադասվել է «լավ ապրելու» ձգտմանը։ Այդ ձգտումն իրականում միանգամայն նորմալ ու օրինաչափ է, բնորոշ է, առանց բացառության, բոլոր հասարակություններին։

Բայց պարտվում են հատկապես ու հաստատապես այն հասարակությունները, որոնք «լավ ապրելու» ձգտումը՝ որպես առաջնահերթություն, ավելի բարձր են դասում, քան պետությունը։ Որովհետև ազգերի ու պետությունների գոյատևման խնդիրն անցնում է նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ առաջնահերթությունների ու գերակայությունների սանդղակով։ Մենք, ահա, պարտվել ենք այդ սանդղակում՝ «լավ ապրելը» վեր դասելով պետությունից։

«Լավ ապրելը»՝ որպես ձգտում ունեցողն իրականում հայրենիք ու պատկանելություն չունի։ Եթե դա է անհատին ու հանրույթին առաջ մղող հիմնական մոտիվը, ապա այն իրացվում է ցանկացած միջավայրում։ Իսկ այդ ձգտմամբ ապրողի համար լավագույն է համարվում այն միջավայրը, որտեղ առավելագույն չափով է բավարարվում «լավ ապրելու» պահանջմունքը։ Հենց այդ միջավայրն է այդ անհատի ու այդպիսի անհատներից բաղկացած հանրույթի համար դառնում հայրենիք, որն օրգանական կապ չունի պետության ու իրական հայրենիքի հետ։ Դա է, ցավոք, կրասնոդարներում ու լոսերում երջանիկ ապրող հայերից շատերի կյանքի կրեդոն, այն շաղախը, որն օտար երկրներն իրենց համար վերածել է հայրենիքի։

Մենք հացկատակությունը պետականությունից գերադասող ազգ ենք։ Որովհետև մենք նաև «որտեղ հաց, այնտեղ կաց» հակապետական ասույթն ունեցող ժողովուրդն ենք, քանզի մենք պատմականորեն ու գենետիկորեն չենք հասկացել ու չենք գիտակցել, որ նման ասույթ ունեցող ու այն սերնդեսերունդ փոխանցողին պետությունը հակացուցված է։ Բայց դա հասկացել ու գիտակցել են բոլոր նրանք, ում աշխարհաքաղաքական կոկորդին կանգնած է եղել Հայաստանը՝ որպես պետություն, որի դեմ պայքարել են հետևողականորեն ու մեթոդաբար, պայքարել են պետությանը հակացուցված արժեքների ներմուծմամբ ու սերմանմամբ, պայքարել են արտաքին տիկնիկավարներով ու ներքին քարոզչագործիքներով, որոնք արդեն այսօր լծված են ադրբեջանաթուրքական կապիտալի երանության գովքին։

Այդ կապիտալը փոխաբերական իմաստով կարող է «արտագաղթը» բերել մեր դուռը, այսինքն՝ Հայաստան հասցնել այն, ինչի համար հայերը հեռանում են երկրից. հացը։

Այս ծրագրի հիմքում ընկած է «հաց՝ պետության դիմաց» բանաձևը, որի իրագործմանն են լծվել այսօր Հայաստանում և Հայաստանի շուրջ կատարվողի աշխարհաքաղաքական մոդերատորները՝ տեղական սպասավորների միջոցով։ Բայց խնդիրը ո՛չ մոդերատորներն են, ո՛չ էլ անգամ սպասավորները, այլ այն, որ, դժբախտաբար, այդ բանաձևը կարող է լեգիտիմություն ու հավանություն ունենալ բազմաչարչար հայ ժողովրդի մտքերում ու հոգիներում, որովհետև դրանցում արդեն իսկ սպանվել է պետությունը, որը պարտվել է «լավ ապրելու» կենսաբանական մղումին։
Պատերազմում մենք պարտվել ենք, որովհետև դրանից առաջ հաղթել ենք պետության դեմ հայտարարված պատերազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել