Անհետ կորած զինվորի՝ ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած ծնողը՝ Գուրգեն Վարդանյանը, որպես կասկածյալ ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում, ներկայացրել իր հոգեվիճակը և թե ինչու է նման քայլ արել։ Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այսօր կլրանա Վարդանյանի ձերբակալման 72 ժամը, բայց դեռևս խափանման միջոց չի ընտրվել, մեղադրանք առաջադրված չէ։ «Այսօր արդեն հայտնի կլինի՝ ինչ որոշում է կայացվում՝ արդյո՞ք 2 ամիս կալանավորում կլինի, ստորագրություն չհեռանալու մասին, թե՞ գրավով ազատ արձակում»,- ասաց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ, համաձայն ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության, հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև նա մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։

Փաստաբանն ընդգծեց՝ դեպքի օրը անհետ կորած զինվորի հայրը գտնվել է հոգեբանական ծանր կացության մեջ։ «Հենց այդ օրը 3-4 դիահերձարան է այցելել, տեսել է բազմաթիվ դիակներ։ Այդ ապրումների ազդեցության տակ նման բան է արել, չի էլ կարողանում բացատրել՝ ինչպես է նման որոշման եկել։ Այս հանգամանքները ներկայացվել են նախաքննության ժամանակ, և դրանց պետք է  իրավական գնահատական տրվի»,- ասաց Ստեփանյանը։

Նա ներկայացրեց նաև, որ Վարդանյանը ևս պատերազմին մասնակցել է։ «Պատերազմի սկսելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, եղբոր հետ առաջնագիծ է մեկնել՝ որդու մոտ լինելու համար։ Նույնիսկ ավտոմեքենան են թողել Ջաբրայիլում, հետո արդեն գտնել չեն կարողացել։ Իր միակ խնդրանքը որդուն գտնելն է, որ եթե զոհվել է, հուղարկավորեն։ Որդու անունը կա զոհվածների ցուցակում, բայց առ այսօր չկա հայտնաբերվածների մեջ։ Հայրն անընդհատ փնտրտուքների մեջ է»,- ասաց Կարեն Ստեփանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել