Հնում գոյություն չունեին այնպիսի նորարարական ու հագեցված զինատեսակներ, ինչպիսիք կան այսօր, սակայն, այնուամենայնիվ, մեր նախնիները հնարամտությամբ չէին զիջում մեզ։ Նրանք ամեն կերպ փորձում էին կատարելագործել իրենց կողմից ստեղծված զենքերը։

Որպես զանգվածային ոչնչացման զենք մարդիկ օգտագործում էին կենդանիներին, որոնցից առավել տարածված էին ռազմական փղերը։ Այդ կատաղի հսկաներն ունակ էին գետնին հավասարեցնելու ամենահզոր մարտիկներին։ Պահպանված և մեզ հասած ձեռագրերը վկայում են այն մասին, որ փղերը՝ որպես զենք, սկսել են միջերկրածովյան բանակներում օգտագործվել այն ժամանակից ի վեր, երբ Ալեքսանդր Մակեդոնացին նրանց նկատել է հնդկական բանակի դեմ պայքարի ընթացքում։

Փղերին դեմ պայքարելու համար հակառակորդներն իրենց հերթին տարբեր միջոցներ էին կիրառում, այդ թվում՝ և այլ կենդանիների, որոնցից ամենաարդյունվաետը խոզերն էին: Խոզերին պատում էին դյուրավառ նյութերով, նրանք սկսում էին այրվել և այս ու այն կողմ վազելով՝ փղերի մոտ այնպիսի խուճապ էին առաջացնում, որ վերջիններս տրորում էին ամեն ինչ, անգամ սեփական զորքին: Հնագույն  պատմիչները նշում են, որ այրվող խոզերին առաջին անգամ կիրառել են հռոմեացիներ Էպիրոսի արքա Պյուռոսի դեմ պայքարում:

Փղերին մարտերում ներգրավել հաջողվում էր միայն մեծ կարողություն ունեցող պետություններին, մինչդեռ խոզերին պայքարին մասնակից դարձնելով անգամ ամենաթույլ բանակն էր հաղթանակի հավակնում:

Մ.թ.ա. 266 թ. մակեդոնական բանակը պաշարեց հունական Մեգարա քաղաքը Անտիգոն II արքայի գլխավորությամբ։ Եթե Անտիգոն II-ը զորքերին հրամայեր միանգամից հարձակվել քաղաքի վրա, ապա մեծ քանակությամբ զինվորների կկորցներ: Դա բացառելու համար արքան հրամայեց քաղաքային պատերի տակ փղերի կանգնեցնել, որոնք կկործանեին քաղաքի ամրությունները: Հույն պատմիչ Պոլիենը նշում է, որ Մեգարայի բնակիչներն անմիջապես հասկացել են թշնամու մտադրությունը և հավաքել են քաղաքի բոլոր խոզերին, պատել դրանց դյուրավառ նյութերով, ուղարկել քաղաքային պատերի մոտ և այրել: Խոզերը հարձակվում էին հենց փղերի վրա, որոնք խուճապի էին մատնվել և վերադառնում էին հարձակման պատրաստվող մակեդոնական զորքերի մոտ՝ տրորելով նրանց: Մակեդոնացիները ստիպված եղան նահանջել։ Անտիգոն II-ն այդ իրադարձությունից հետո հրամայեց փղերին վարժեցնել խոզերի ճչոցներին ու տեսքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել