Պանկրատիոնը ամենադաժան ու կոպիտ սպորտաձևն է, որը երբևէ ընդգրկվել է Օլիմպիական խաղերի կազմում: Այն անց էր կացվում Հին Հունաստանում և չուներ գրեթե ոչ մի կանոն. թույլատրվում էր հակառակորդին հարվածել ոտքերով և խողդող հնարքներ կիրառել: Միակ բանը, որը կտրականապես արգելվում էր, կծելն ու աչքեր հանելն էր: Մարտն ավարտվում էր, երբ մրցակիցներից մեկը հանձնվում էր՝ ձեռքը վեր պարզելով: Մահի, բնականաբար, ոչ ոք հասնել չէր ցանկանում, սակայն նման նախադեպեր ևս եղել են:
Աթլետ Արիքիոնի պատմությունն արձանագրված է անտիկ ձեռագրերում: 54-րդ Օլիմպիական խաղերում՝ մ.թ.ա. 564 թ., եզրափակչում այս կրկնակի չեմպիոնը մրցում էր մեկ այլ մարտիկի հետ, ում անունը մեզ չի հասել:
Մարտիկների քաշի ու հասակի վերաբերյալ տեղեկություններ չկան, հետևաբար չի բացառվում, որ պարամետրերը կարող էին խիստ անհավասարաչափ լինել: Սակայն Արիքիոնի հակառակորդը չափազանց ուժեղ էր: Նա ոտքերով ճզմում էր աթլետին, իսկ ձեռքերով՝ խեղդում:
Գեղեցիկ առասպել գոյություն ունի. երբ Արիքիոնը սկսել է կորցնել գիտակցությունը, նրա ուսուցիչը տրիբունայից բղավել է, որ եթե նա հաղթի, ապա կդառնա մարդ, ում Օլիմպիայում ոչ ոք չի կարողացել հաղթել: Ճշմարտություն է դա, թե ոչ՝ ոչ ոք ասել չի կարող: Սակայն հետագա իրադարձությունները մանրամասնորեն նկարագրել է անտիկ պատմիչ Ֆիլոստրատը. անշարժացած Արիքիոնին ինչ-որ կերպ հաջողվել է ոլորել հակառակորդի ոտքի բթամատը: Վերջինս ցավից թողել և վեր է պարզել ձեռքը, ինչն էլ անմիջապես ընդունել են որպես պարտության նշան: Սակայն երբ մրցավարը մոտեցել է Արիքիոնին, նկատել է, որ վերջինս այլևս չի շնչում:
Արիքիոնի մարմինը ծաղկեպսակով պատված շրջել են հանդիսատեսի մեջ, և այն արժանացել է անհամար ծափողջյունների: Աթլետը միակ մարտիկն է դարձել Օլիմպիայի պատմության մեջ, որը հաղթանակ է տարել մարտում, ըստ էության, մահից հետո:



