168.am-ը գրում է․

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն Ամանորի շեմին նամակ են ստացել «Էյ Սի Փի» ընկերությունից այն մասին, որ առաջիկայում աշխատավարձ կստանան, իսկ թե «առաջիկայում» ասելով՝ ինչ պետք է հասկանալ, նրանք դեռ չգիտեն:

«Դեկտեմբեր ամսին նամակ ենք ստացել, որ աշխատողների վերջնահաշվարկն են տալու, «Գազպրոմ Արմենիայի» ու «Վեոլիա ջրի» ու Պետեկամուտների կոմիտեի պարտքերը մարելու հետ մեկտեղ: Գործարանը փակվել էր, ու պարտք էին մնացել, հետևաբար, նամակում նշված էր, որ այդքանիս փողերը պետք է տան:

Հիմա կտեսնենք՝ կուրախանա՞նք, թե՞ կլացենք: Ամիս, օր ժամ նշված չէ, ուղղակի գրված է, որ պետք է տան: Էլի բան է: Այստեղ հիմա մեռած վիճակ է, 7-8 ամիս է՝ մեր աշխատավարձն ենք ուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլարանի նախկին աշխատակիցներից Ռոմանը:

Նրա փոխանցմամբ՝ 8 ամիս է, մոտ 60 հոգի ստանում է աշխատավարձի 2/3-ը՝ 68.000 դրամ:

«Նոր տարի էլ չենք արել, շատ տխուր էր, ոչ մեկը սիրտ չուներ: Ունենք վիրավորներ, զոհվածներ, գերի ընկած մարդիկ: Հիմա աշխատավարձի մասին էլ ենք մոռացել, մեր առաջին ցավը անհետ կորածներին գտնելն ու գերիներին վերադարձնելն է: Ամենակարևորը՝ ողջ-առողջ գան երեխեքը»,- նշեց նա:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ավելի վաղ ահազանգել էին, որ Զանգելանի և Կաշենի հանքահարստացման կոմբինատների չաշխատելու արդյունքում գործազուրկ դարձած համաքաղաքացիներին աշխատանքով ապահովելու և քաղաքում սոցիալական աղետը կանխելու նպատակով անհրաժեշտ է շատ արագ վերագործարկել Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը:

Այս առիթով նրանք մոտ 5 առաջարկ են ներկայացրել՝ ինչպես իշխանության, այնպես էլ՝ բիզնեսի ներկայացուցիչներին, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել: Որպես առողջացման ծրագիր՝ առաջարկում են գործարանը վերաբացել:

Սակայն նրանք համոզված են՝ այս պահին ամենաարագ և շատ աշխատատեղ կարելի է ապահովել պղնձաձուլարանը վերագործարկելով, քանի որ հսկայածավալ գործազրկություն է քաղաքում, մարդիկ աշխատանք չունեն, ծանր վիճակ է:

«Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել