1926 թ. Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքի մոտ տեղադրվեց ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի հուշարձանը: Նախագահը հայտնի էր նրանով, որ վերացրել է ստրկությունը: Բրոնզե քանդակի հեղինակը Հայկ Բադիկյանն է, ում աշխատանքները զարդարում են Կալիֆորնիա նահանգի ամենախոշոր քաղաքներից մեկի փողոցներն ու այգիները:

Սան Ֆրանցիսկոյի խորհրդանիշի՝ «Ոսկե դարպասներ» կամուրջի կողքին գտնվող այգում է գտնվում Բադիկյանի կողմից ստեղծված և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զինված ուժերը ղեկավարած գեներալ Ջոն Ջ. Փերշինգին նվիրված քանդակը: Մեկ այլ կալիֆորնիական քաղաքում՝ Արկատայում, կնկատեք ԱՄՆ 25-րդ նախագահի՝ Ուիլյամ Մաք Քինլիի արձանը, որը Բադիկյանի առաջին նշանակալից ստեղծագործություններից է եղել:

Հակ Բադիկյանը նախագծել և կյանքի է կոչել նաև այնպիսի շինությունների համար դասական քանդակագործական պատկերներ, ինչպիսին է MetLife կազմակերպության երկնաքերը:

Հայկ Բադիկյանը ծնվել է Վանում 1876 թ.: Նրա ծնողները Արևմտյան Հայաստանի ամերիկյան միսիոներական դպրոցի ուսուցիչներ էին: Հայկի հայրը զբաղվում էր նաև լուսանկարչությամբ. նա Վանում առաջիններից մեկն էր, որ ձեռքն է վերցրել լուսանկարչական սարք: Սակայն իր մասնագիտության համար 1888 թ. թուրքական իշխանությունները մեղադրեցին նրան լրտեսության մեջ հօգուտ Ռուսական կայսրության: Կալանավորման հավանականությունը մեծ էր:

Շնորհիվ հանգամանքների բարեհաջող բերման՝ ապագա քանդակագործի հորը հաջողվեց փախուստի դիմել: Նա սկզբում գնաց Կովկաս, ապա Նյու Յորք, և վերջապես հասավ Կալիֆորնիա: Հիմնվելով Ֆրեզնոյում՝ նա որոշ ժամանակ անց իր մոտ բերեց նաև ընտանիքին: Բադիկյանների ընտանիքը ագարակ ստեղծեց, որտեղ Հայկը տարիներ շարունակ օգնում էր հորը խաղող աճեցնել: Այնուհետև վերջինս տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո՝ իր ավագ եղբոր՝ Խորենի մոտ, որն ապրուստը հոգում էր պարբերականների համար պատկերներ ստեղծելով: Այնտեղ Հայկը սկսեց հետաքրքրվել քանդակագործությամբ: Հետևելով ականավոր վարպետների գործունեությանը՝ նա սկսեց ստեղծել իր առաջին աշխատանքները:

Հաջողությունների հասնելով Նահանգներում՝ Հայկ Բադիկյանն ուղևորվեց Ֆրանսիա՝ իր վարպետությունը կատարելագործելու և հղկելու: Փարիզում քանդակագործն այցելեց Օգյուստ Ռոդենին, ում հետ նախկինում ծանոթացել էր Ջոն Գուտզոնի՝ Ռաշմոր հուշարձանի հեղինակի միջոցով: Բադիկյանը Ռոդենին ցույց տվեց իր աշխատանքների լուսանկարները, և վերջինս, կանգ առնելով «Դիանայի որսը» քանդակի լուսանկարի վրա, ասաց. «Այո, պարոն, Դուք քանդակագործ եք»:

Հայկ Բադիկյանը ակտիվ մասնակցություն է ւնեցել Սան Ֆրանցիսկոյի «Բոհեմյան ակումբի» կյանքում: Վերջինս հիմնադրվել է 1872 թ. և ներառում է հայտնի լրագրողների, նկարիչների և երաժիշտների, ապա նաև բիզնեսմենների և գործարարների: Բադիկյանը երկու անգամ ընտրվել է ակումբի նախագահ:

Հայկ Բադիկյանի աշխատանքների մեծ մասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքում կամ դրա շրջակայքում: Վարպետը կյանքից հեռացել է 1950 թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել