Ամանօրյա հրաշքների մասին շատ ենք լսել, և՛ մանուկ հասակում, և՛ հասուն գիտակցական տարիքում:
Ես հիմա էլ հավատում եմ, որ այս գիշեր հրաշք կկատարվի և մենք՝ երկնային իմաստության ուժով, կդադարենք ատել իրար, կգտնենք մեր մեջ ուժ ներել, հասկանալ ու արժևորել մեր հարազատներին, բարեկամներին ու ընկերներին, ում հետ վիճել ու խռովել ենք տարբերվող քաղաքական հայացքների, նախասիրությունների, թիմային ու կլանային պատկանելության ու անկառավարելի էմոցիաների պատճառով:
2020թ. ընթացքում մեր ԱԶԳԻՆ բաժին հասած աղետներն ու դժբախտությունները, կորստի վիշտն ու անտանելի ցավը պետք է արթնացնեն մեր մեջ խորը քնած ապրելու, կառուցելու, միավորվելու և հաղթելու գենը, քանզի այլընտրանքը նոր արտագաղթն ու ցեղասպանությունն է:
Եկեք այս գիշեր խոստանանք, որ այլևս չենք ատելու իրար, իրար հետ կնքելու ենք հաշտության դաշնագիր, ուս-ուսի տված վերակառուցելու ենք մեր հայրենիքը, մեր ԲԱՆԱԿԸ, վերածնվելու ենք որպես ԱԶԳ ու փյունիկի պես վեր ենք հառնելու մոխրից:
Երդվենք, որ որքան էլ դժվար լինի, չենք լքելու մեր տունը, մեր ՀԱՅԱՍՏԱՆԸ, չենք թողնելու այն թշնամուն, չենք փախնելու դժվարություններից, այլ ապրելով ու ապրեցնելով վերականգնելու ու կայացնելու ենք մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ի հեճուկս մեզ կոտրած արտաքին ու պառակտած ներքին թշնամիների:
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՕԳՆԱԿԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել