Տարեվերջին բոլորս փորձում ենք ամփոփել տարին իր ձեռբերումներով, կորուստներով ու գալ եզրահանգման:

Տարին սկսվեց համաճարակով, որին ՀՀ իշխանություններն այնքան անլուրջ էին վերաբերում, որ երբ աշխարհը պայքարում էր դրա դեմ, իրենք Սյունիքում հանրահավաքներ էին անում, երբ աշխարհը պայքարում էր դրա դեմ, իրենք հայտարարում էին, որ «պինցետով հատ առ հատ կհանեն վարակը, օղիով կմշակեն» և այլն... Բայց համավարակը, չվախենալով մեր իշխանությունների պինցետից, հատ առ հատ մտավ գրեթե բոլորիս ընտանիքներ, գրեթե բոլորի շրջապատում եղան մահեր...

Համավարակը դեռ շարունակվում է, դեռ խլում է կյանքեր...

Ամռանը՝ հուլիսին, ունեցանք տավուշյան մարտերը, որից գոնե գերագույն գլխավոր ոչնչությանը պարզ էր, որ պատրաստ չենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սակայն մատուցվեց ճիշտ հակառակը, արդյունքում ունեցանք 44-օրյա արյունալի պատերազմ իր անդառանալի կորուստներով և հետևանքներով:
Չմանրամասնեմ, ինքներդ ամեն օր տեսնում եք, թե ինչքան է փոքրանում մեր պետությունը...

Հիմա՝ ամենակարևորը: Մենք իսկապես 26 տարի շատ անհոգ ապրեցինք ու հպարտ, այնքան անհոգ, որ սկսեցինք հաշվել ուրիշների փողերը ու որոշել, որ մեզ խաբել են, թալանել են: Ի վերջո գտանք թալանող-խաբողին և մեր փրկությունը Նիկոլի մեջ: Որոշեցինք, որ հենց ինքը պիտի փրկի մեզ (չգիտեմ ինչից), հենց ինքը պիտի թալանը հետ բերի, բլա-բլա-բլա:

Հիմա հարց. ո՞ւր ա հետ բերված թալանը, բա եթե չկա հետ բերված թալան, ապա ինչի՞ց մեզ փրկեց գերագույն գլխավոր ՀՀ թշնամի նիկոլ փաշինյանը: Փրկեց 2 հայկական պետություն ունենալո՞ւց, փրկեց խաղաղ ապրելո՞ւց, փրկեց արժանապատիվ հայ լինելո՞ւց, փրկեց Արցախ ունենալո՞ւց, փրկեց Սյունիք-Գեղարքունիք-Տավուշ և այլն ունենալո՞ւց, փրկեց ինչի՞ց:

Ի՞նչ ունենք այսօր՝ 2020 տարեմուտին և 2021 տարեսկզբին:
Անիշխանություն, ջախջախված տնտեսություն, զրո կրթություն, պարալիզացված պետական ապարատ, ամեն օր բզկտվող սահմաններ, 5000 զոհ, 10 000 վիրավոր, ամեն օր ավելացող գերիներ, տեղահանվածներ, ամեն ինչ կորցրած հայրենակիցներ և ամեն ինչ կորցնող հայրենիք...

Մենք սրա մանդա՞տն էինք տվել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Ո՛չ:
Իսկ ի՞նչ հիմքով է ինքը դեռ երկրի ղեկին: Երևի որովհետև չունենք Սողոմոն Թեհլերյան կամ երևի իր տան անդամները չեն կարդացել Րաֆֆու «Սամվելը»...

Երբեմն խիստ կասկածելի է, որ Նիկոլ հանդուրժող ժողովրդի արգանդից են սերվել Մաշտոցը, Նարեկացին և այլք...

Խաղաղություն ամենեցուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել