Արա Այվազյանի ՀՀ ԱԳ նախարար նշանակվելուց 40 օր անց ի վերջո կայացել է Իրանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Ինչպես կարելի է հասկանալ իրանական կողմի տարածած հայտարարությունից հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Որքան էլ զարմանալի թվա, Իրանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել պատերազմի առաջին օրը՝ սեպտ. 27-ին:
Ինչպես պարզ է դառնում հեռախոսազրույցի բովանդակությունից ԻԻՀ ԱԳ նախարարն Արա Այվազյանին չի շնորհավորել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդամենը ցավակցություն է հայտնել Արցախի պատերազմի ընթացքում զոհերի պատճառով: Դա ի տես այն բանի, որ նման առիթներով Իրանի արարողակարգային շնորհավորանքը չի ուշանում: Օրինակ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆնիր ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի նշանակման հաջորդ օրը նրա հետ հեռախոսազրույցում այդ կապակցությամբ շնորհավորել էր:
Երկուշաբթի օրը Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, իսկ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին:
Թեհրանում կայացած հանդիպմանն իրանական մի քանի ԶԼՄ-ներ անդրադարձել են ընդամենը մի քանի նախադասությամբ հղում կատարելով Իրանում ՀՀ դեսպանատան թուիթերյան էջի գրառմանը: Ոչ մի պաշտոնական հայտարարություն իրանական կողմից:
Իհարկե այս հարցում իրանական կողմից դժգոհելու որևէ առիթ չկա: Ինչպե՞ս կարելի է Իրանից պահանջել հարգել ու հաշվի նստել այն իշխանությունների հետ որոնք նույնիսկ իրենց սեփական երկրի սահմանների հանդեպ նվազագույն հարգանք չցուցաբերելով, թշնամի երկրի շահերը գերադասում են իրենց հայրենիքի շահերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել