168.am-ը գրում է․

168.am-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

– Պարոն Կոլերով, Ձեր հիվանդության պատճառով ավելի վաղ հնարավոր չեղավ քննարկել, թե ինչու տեղի ունեցավ Արցախյան երկրորդ մեծ պատերազմը և նման արդյունքներով։ Ցանկանում եմ՝ քննարկենք և՛ ներքին, և՛ արտաքին գործոնները։ Երբ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության, շատ էին խոսակցությունները, թե հայտնի ուժերը նրան իշխանության են բերել կոնկրետ հողեր հանձնելու նպատակով, ինչն այն ժամանակ իրականությունից կտրված մի բան էր թվում։ Մեկ այլ կարծիք ևս կա, որն առավելապես վերջերս է քննարկվում, որ սա ռուս-թուրքական գործարք էր։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր տեղի ունեցածը։

– Ես այս թեմայով երբեք ուղիղ չեմ խոսել, իսկ հիմա հատուկ Ձեզ համար կասեմ․ իմ կարծիքով՝ տեղի է ունեցել դավաճանություն։ Հայաստանն իրեն հայտարարել է Ղարաբաղի անվտանգության գլխավոր երաշխավորը, բայց բացի կենդանի ուժից, փաստացի չի մասնակցել Ղարաբաղի պաշտպանությանն այս պատերազմի ընթացքում՝ ոչ ավիացիայով, ո՛չ բավարար ռազմական տեխնիկայով։ Հասկանալի է, որ հակառակորդ կողմից մեծ քանակով անօդաչու սարքեր էին գալիս, իսկ մարդն արդեն երկու տարի զբաղվում է սեփական անօդաչուների արտադրությամբ, նկատի ունեմ Փաշինյանին․ նրա բարձր տեխնոլոգիական ողջ նախարարությունը, որը սարքեց, ինչի՞ համար էր, որտե՞ղ էին հայկական անօդաչուները, որտե՞ղ էր ռադիոէլեկտրոնային պայքարը դրանց դեմ։ Տեղի է ունեցել դավաճանություն։

Ես հիվանդության պատճառով բացակայում էի, և երբ նոյեմբերի 15-ին ուշքի եկա, տեսա, որ Շուշին հանձնել են, դեռ անհայտ էր՝ ինչ է տեղի ունեցել Հադրութի հետ, քանի որ հնարավոր չէ վերցնել Շուշին՝ առանց Հադրութի, և երբ ես պատկերացրի շփման գիծը, ես ցնցված էի։

Իսկ հետագայում, երբ իմացա մանրամասները, ապա տեսա ադրբեջանական տեսանյութեր Հադրութից, լքված արտասահմանյան մեքենաներ, դա ինձ չհիշեցրեց պաշտպանություն և ոչ բացարձակապես հերոսական փողոցային մարտեր։ Դա փախուստ է, ոչ այն մարդկանց փախուստ, որոնք այնտեղ ապրել են ու պատրաստ են եղել պաշտպանվել։

Հիմա ակտուալ է դարձել համացանցում սփոփանքի խոսքերը, որ հայ զինվորը չի պարտվել։ Իսկ ո՞վ է պարտվել։ Հայ հրամանատարնե՞րն են պարտվել՝ ստացվում է, ինչո՞ւ են Հայաստանում միայն զինվորի մասին նշում, կան սպաներ, հրամանատարներ, գեներալներ, կա նախարարություն, քաղաքական ղեկավարություն։ Իսկ այդ ձևակերպումը հիմարների համար է։ Կամ՝ այլ տեսանյութերի եմ ուշադրություն դարձնում, որ տասնյակ հայ զինծառայողների են գերեվարում, նրանց ձեռքին միայն ավտոմատներ են։ Ի՞նչ է՝ Դուք լրջորեն ցանկանում եք նման պատերազմում պատերազմել միայն ավտոմատներո՞վ, ո՛չ գնդացիրներ, ո՛չ նռնականետեր, ո՛չ պահեստային զինամթերք։

Ամիսներ առաջ՝ հատկապես գարնանն ու ամռանը, համացանցում տարբեր հրապարակախոսներ ասում էին՝ եթե ինչ-որ բան լինի, կվերցնենք Բաքուն, կպայթեցնենք Մինգեչաուրը, ինչպե՞ս կարելի է մի քանի տասնյակ հազարանոց բանակով գրոհել 200 միլիոնանոց պետությունը, այդ մեծության մոլուցքը հրապարակախոսների գրասենյակներում հասկանալի չէր։ Ողջ հայ ժողովուրդը պետք է իրականացնի համազգային ինքնավերլուծություն, թե ինչպես այդ մոլուցքը դարձավ քնեցնող գործոն, որտե՞ղ էին, գրողը տանի, անօդաչուները, ինչո՞վ էիք երկու տարի զբաղվում, Դուք՝ խելացիներդ, տեխնոլոգներդ, մաթեմատիկոսներդ, ֆիզիկոսները և այլք, ո՞ւր էիք, գրողը տանի։ Դա չի եղել։

Խոսքերով խաղալու փոխարեն, իսկ դա խաղ է խոսքերով, թե ով է մեղավոր, ով է պատասխանատու, պետք է շատ խիստ ինքնավերլուծություն իրականացնել։ Հույս ունեմ, որ ապագայում ՀՀ նոր իշխանությունների կողմից դա կիրականացվի։

Մենք տեսնում ենք պաշտպանության ուղղությամբ ադեկվատ քայլերի բացակայություն։ Քաղաքային մարտերը, ինչպես գիտեք, ամենաարյունալին են, գիտեք նաև, որ ցանկացած հարձակվող հակառակորդ սովորաբար մի քանի անգամ ավելի կորուստներ է կրում, քան պաշտպանվող կողմը։ Հիմա չէ՞ որ կորուստները հավասար են։

– Կարծիք կա, որ Ադրբեջանը թաքցնում է իր կորուստները։

– Այո՛, գուցե ասեն, որ ստում են, բայց նման հարաբերակցություն չկա։ Ես, որ մշտապես հանդես եմ եկել ԼՂ պետականության օգտին, այս ամենը ողբերգություն է ինձ համար։ Բայց դա ինձ կրկին ու կրկին ապացուցում է նրանում, որ Ղարաբաղը չի կարող մարզ լինել, որի վրա երևանյան իշխանությունները ոտքերը մաքրում են։ Ես հույս ունեմ, որ թեկուզ մեկ տոկոսով նախագահ Պուտինի՝ խաղաղապահներ տեղակայելու մասին որոշումը, նաև մեր 30-ամյա բացատրական ջանքերի հետևանքն է։ Եթե դա այդպես է, ես համարում եմ, որ պարտքս կատարել եմ։

Ուստի սա դեռ սկիզբն է, ես չեմ կիսում այն կարծիքը, ով էլ այն հայտնում է, որ կորսված տարածքները՝ առաջին հերթին՝ ԼՂԻՄ, վերադարձվելու են, դրանք չեն վերադարձվելու։ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, պետք է առաջին հերթին կայացնի պետություն, շփման գիծը միջանցքով, պետք է խնդրել Ռուսաստանից մնալ անվերջ, երկար։ Պատմությունից գուցե հիշեք․ կապերի շնորհիվ Հադրութն անվանում էին Ղարաբաղյան Պետերբուրգ, Ղարաբաղը կորսված է, տղանե՛ր, Հադրութը կորսված է, և դրա համար ինչ–որ մեկը պետք է պատասխան տա։

Եթե Շուշիի համար որոշ պաշտպանական մարտեր են ընթացել, ապա Հադրութը հանձնվել է, և դրա համար պատասխանատու պետք է լինի ինչ-որ մեկը։ Կարևոր է, որպեսզի քննադատությունը լինի ինքնաքննադատություն, քանի որ մեղավորներ գտնելը հեշտ է։

Բայց չէ՞ որ տեսնում եք, որ Վազգեն Մանուկյանն այլընտրանքը չէ Փաշինյանին՝ մասսայական դեմոկրատական այլընտրանք։ Հենց այդ պատճառով էլ նրանք շեշտը դնում են ոչ թե ընտրությունների վրա, այլ գործընթացների։ Դա հեռվից աչք է ծակում։ Մասսայական այլընտրանք Փաշինյանին չկա, դա է ճշմարտությունը։ Դա չի նշանակում, որ նա պատասխանատու չէ։ Համազգային սուգ տեղի ունեցավ, համազգային ինքնավերլուծություն է հարկավոր, պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ այտերը ուռեցնելը մնաց անպատիժ, և ինչպես հանգեցրեց ողբերգության, որ այդ 2000-ից ավելի երիտասարդ տղաներն իրենց կյանքը զոհեցին հանուն ինչի՞, այտերը ուռեցնելու համա՞ր, գժվե՞լ եք։ Դուք զբաղվում եք «գրպանային բիլյարդով», իսկ այդ տղաները կյանքն են տվել։

– Դուք նշում եք, որ սա դավաճանություն է, ո՞ւմ դավաճանությունը։

– Ես անկեղծ ասեմ՝ չգիտեմ, թե ում դավաճանությունն է, չեմ փորձի հորինել ինչ-որ բաներ, բայց որ սահմաններ են տրվել՝ առանց լուրջ դիմադրության, փաստ է։ Պարզ է, որ Ղարաբաղի հարավային հատվածը, Ֆիզուլիի հատվածի պաշտպանությունը կառուցվել է, բայց թույլ է եղել, իսկ Շուշիի, Հադրութի հանձնումը դավաճանություն է մեծատառով, դա այն է, եթե 1941 թվականին Մոսկվան հանձնվեր։ Դուք գժվե՞լ եք։

Այստեղ՝ Մոսկվայում, արևմտյան շրջաններում կան պաշտպանական ամրությունների մնացորդներ, որոնք կառուցվել էին 1940-ականներին այն դեպքերի համար, երբ գերմանացիները մտնեն Մոսկվա, և լինեն փողոցային մարտեր, իսկ այդ ամրությունները կառուցվել են այն հատվածներում, որտեղ արդեն մոտենալու դեպքում կարելի էր մտածել, որ Մոսկվան հանձնված է, այսինքն՝ մինչև վերջին տարածքը լինելու էր պաշտպանություն, դա ես հասկանում եմ։ Երևանը Ղարաբաղի համար կամք չի ցույց տվել։

– Ի՞նչ կասեք Ռուսաստանին ուղղված մեղադրանքների մասին։

– Այո, ասում են՝ Ռուսաստանն է մեղավոր, որ կրկին ստիպեցին ինչ-որ բան անել, բայց եթե ռուս խաղաղապահները չմտնեին Ղարաբաղ, այն գոյություն չէր ունենա։ Դա պետք է անկեղծ ասել։ Ես կարծում եմ՝ այս ամենը պետք է հայ ժողովուրդը հետաքննի, գա եզրահանգման, հասկանա՝ ինչու սա տեղի ունեցավ։

– Մեր երկրում այս պահին տեղի ունեցողն ինչպե՞ս եք գնահատում։ Նշում եք, որ Վազգեն Մանուկյանն այն այլընտրանքը չէ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների քննարկումներ սկսելու մասին, ընդդիմության հետևորդները և Փաշինյանին դեմ հատվածը չի վստահում, որ նա ազատ ընտրություններ կանցկացնի։

– Ես Վազգենի հետ ծանոթ եմ, առիթից օգտվելով՝ ողջունում եմ նրան։ Բայց, իմ կարծիքով, նա անցյալում եղել է վարչապետ ոչ այն պատճառով, որ հաղթել է ժողովրդավարական ընտրություններում, այլ նա եղել է՝ ինչպես տեխնոկրատ, և ներկայումս նա չի արտահայտել մասսայական դեմոկրատական ներուժ, որպեսզի ալիքի վրա ստանձնի իշխանություն, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմյությունը չի կարողանում անհրաժեշտ մոբիլիզացիան իրականացնել։ Փաշինյանը վստահ է, որ կհաղթի, այդ պատճառով գնում է այդ ճանապարհով։ Ես չեմ խոսի այս իրավիճակի բարոյական կողմի մասին։

1945 թվականին մեծն Չերչիլը, ով Անգլիայի գլխավորությամբ պատերազմը հաղթել էր, հզոր պետական գործիչ, պարտվեց ընտրություններում և հրաժարական տվեց։ Նույնիսկ մեծն Չերչիլը, իսկ այստեղ․․․

– Ինչո՞ւ չի հեռանում՝ ըստ Ձեզ։

– Նրա համար իշխանությունը կարևոր է ամեն ինչից։ Կան մարդիկ, ում համար իշխանությունն է ամենակարևորը, բայց նրան այլընտրանք չի դիտարկվում։ Իսկ ողբերգությունը սկսվել է այնտեղ, որտեղ ոչ մեկը ինքնավերլուծություն չի իրականացրել։ Համազգայնորեն դա է պետք անել։ Ինչո՞ւ են տղաներն իրենց կյանքը զոհել, իսկ Դուք չեք կարողանում անկեղծ լինել գոնե նրանց կյանքերի դիմաց։

– Ըստ Ձեզ՝ Սյունիքում ռուսական երկրորդ բազա տեղակայելը նպատակահարմա՞ր է, հնարավո՞ր է։

– Հայաստանին միանշանակ դա պետք է, բայց պետք է ուսումնասիրել ռուսական երկու բազաների փորձը Հայաստանում՝ Գյումրի, Էրեբունի։ Էրեբունին արդյունավետ է, քանի որ էլեկտրոնային է, իսկ Գյումրին մետաղի պահեստ է, ինչպես գիտենք։ Իհարկե, նա ևս ունի իր խնդիրը, կատարում է, բայց ակտիվացված չէ։ Այն պետք է Հայաստանին, բայց Ռուսաստանի համար դրա դերակատարությունը ձգտում է զրոյին այն բանից հետո, երբ Ռուսաստանը ստացավ ռազմաբազաներ Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Եթե պետք է այդ բազան աշխատի այնպես, ինչպես Գյումրին՝ մեկուսացված, առանց օպերատիվ պատրաստությունների հնարավորության, այսինքն՝ խոսքը որակն է նաև, գուցե այդ հատվածում բավարար լինեն սահմանապահները։ Բազան զգացմունքային որոշում է։ Չպետք է մոռանալ, այս հրադադարի հարցում Պուտինը, Ռուսաստանն իրենց ողջ հեղինակությունն են գործի դրել, դա չի կարող ծառայել նրանց, ովքեր հանձնել են Շուշի ու Հադրութ։

Հասկանո՞ւմ եք, եթե ինչ-որ մեկը Շուշի ու Հադրութ է հանձնել, ապա նա հեշտությամբ կհանձնի Պուտինի հեղինակությունը, դա պետք է անկեղծ ասել։

Վստահել նրանց, ովքեր դա արել են, չի կարելի։ Այնպես որ, ընդդիմության համար հսկայական դաշտ է՝ տվյալներ հավաքագրելու և աշխատելու համար։ Այսքանը կարող եմ ասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել