168.am-ը գրում է․

«Պահանջն է պատգամավորներին՝ վերացնելու ռազմական դրությունը, որովհետև այլևս մեր երկրում ռազմական դրություն պահելու իմաստը չկա»,-  քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից ԱԺ-ի մուտքերի մոտ քաղաքացիների անհնազանդության ակցիաներին:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ռազմական դրությունը երկրում շարունակվում է մնալ ընդամենը մեկ պատճառով.

«Որպեսզի օրենքի շրջանակներում պատգամավորներին հնարավորություն չտրվի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»:

Լրագրողի հարցին, թե «Հայրենիքի փրկության շարժումը» որքանո՞վ է վստահ, որ նման ակցիաներն արդյունավետ կլինեն, և պատգամավորները կլսեն իրենց պահանջը, Գեղամ Մանուկյանը 2 տարբերակ նշեց.

«Հույսը երկուսն է, առաջինը, որ պատգամավորներն առնվազն տարրական մարդկային ինքնասիրություն ունեն և նման անդադար պահանջները տեսնելով՝ կարող են, ի վերջո, իրենց մեջ ուժ գտնել՝ դադարել լինել Նիկոլ Փաշինյանի ստրուկը և շարժվել իբրև օրենսդիր մարմնի անդամ: Երկրորդը՝ հանրային այս ճնշումը, ի վերջո, նրանց կստիպի մի կողմ դնել այդ խմբակային, ոհմակային, թիմային ինքնապաշտպանությունը և շարժվել ի շահ Հայաստանի Հանրապետության…»:

Գեղամ Մանուկյանը նաև ընդգծեց. «Բացառվում է իր վարչապետությամբ որևէ ընտրություն, նորմալ, կազմակերպված ընտրություն…»:

Հիշեցնենք, որ քաղաքացիները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի մուտքերի մոտ։ Նրանք սպասում էին պատգամավորներին, որոնք գալիս էին Ազգային ժողով՝ արտահերթ նիստին մասնակցելու համար։

Նշենք նաև, որ ժամը 11:00-ին մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել