Թշնամնին հաղորդում է, որ Հադրութի Տող գյուղի մոտակայքում մարտեր են ընթանում: ՊԲ-ն պատասխանում է, որ «խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը», իսկ ՊՆ-ն, թե բա փորձում ենք «հավելյալ տեղեկություններ ճշտել»: Երևում է՝ մեր պաշտպանական գերատեսչությունը հույսեր ունի, որ ադրբեջանցիներն այլմոլորակայինների հետ են կռվում Տողի մերձակայքում: Կամ էլ՝ իրար են սպանում:
Պարոնայք մի քանի աստղանի գեներալներ ու հրամանատարներ, իսկ չե՞ք դիտարկել այն վարկածը, որ թշնամին արդեն երկար ժամանակ իր թիկունքում շրջափակման մեջ մնացած մեր տղերքի հետ է կռվում այս պահին: Այն նույն տղերքի, ում վեց ընկերներն օրերս Աստծո կամոք վերադարձան դժոխքից: Իսկ, եթե քննարկել եք այդ տարբերակը, ապա ի՞նչ եք արել նրանց օգնության հասնելու և փրկելու համար: Գիտեմ պատասխանը՝ ոչինչ:
Ինչպես որ ոչինչ չեք արել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում մեր զոհվածների աճյունները գտնելու համար: Որովհետև, եթե այդ նույն Տողում նման որոնողական աշխատանքներ տանեիք, ապա այնտեղ ոչ թե մեր զոհվածների դիերն, այլ հենց այս պահին կռվող զինվորներին կգտնեիք՝ ողջ և առողջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել