Եվրոպական միությունը ՀՀ կառավարությանը Covid-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։

Այդ որոշումը կայացվել է ԵՄ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրված «ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման պայմանագրի» շրջանակներում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր»-ի մշակման, ինչպես նաեւ մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման եւ պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում:

24 միլիոն եվրո արժողությամբ այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է՝ միտված օգնելու Հայաստանին ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի դեմ պայքարում եւ ամրապնդելու երկրի տնտեսական եւ ֆինանսական դիմակայունությունը։ Այսօր հայտարարված այս աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35,6 միլիոն եվրո աջակցությանը՝ լրացուցիչ ֆիսկալ տարածք բացելով Կառավարության առողջապահական եւ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված ՔՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքով տուժած խոցելի խմբերի եւ ձեռնարկությունների օժանդակությանը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս բարդ ժամանակներում եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում ԵՄ-ի կառուցողական եւ արագ արձագանքի համար՝ ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35.6 մլն. եվրո աջակցությանը: Այս նոր հատկացումը տրամադրվել է ՀՀ կառավարության եւ Եվրոպական միության միջեւ 2020թ. ստորագրված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, որն ուղղված է ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայմանը: Մենք համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի համավարակից Հայաստանի վերականգնմանը՝ օգնելով Կառավարությանը հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջացած դժվարությունները»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Եվրոպական միությունը եւ ԵՄ անդամ պետությունները վճռականորեն աջակցում են Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում՝ դրամաշնորհային օժանդակության միջոցով նպաստելով առողջապահության եւ սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմակայունության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այս տարի մենք Հայաստանին արդեն հատկացրել ենք ՔՈՎԻԴ-19–ի հետեւանքների չեզոքացմանն ուղղված շուրջ 60 միլիոն եվրո դրամաշնորհ ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, եւ դեռ սպասվում է ավելին: Ակնկալվում է, որ մեր օժանդակությունը կօգնի իրականացնել կարեւոր տնտեսական բարեփոխումներ, պահպանել աշխատատեղեր եւ փոքր ձեռնարկություններ, ինչպես նաեւ խթանել Հայաստանի ներառական տնտեսական աճը: Համավարակի դեմ պայքարը վստահաբար դեռ չի ավարտվել, բայց մենք կարող ենք այն հաղթահարել միայն միասնական լինելով»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԵՄ արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից, որի նպատակն է փրկել կյանքեր՝ մեր գործընկերներին ցուցաբերելով արագ եւ նպատակային աջակցություն՝ ուղղված այս համաճարակի դիմակայմանը: Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների եւ եվրոպական ֆինանսական կառույցների ռեսուրսները՝ աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաեւ արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին եւ հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել