1in.am-ը գրում է.
Կազմակերպված և էթնիկ հանցավորության դեմ ավելի քան 1 շաբաթ շարունակվող ուժեղացված օպերատիվ միջոցառումների հետ կապված՝ Ռուսաստանում անօրինական ներգաղթյալների ժամանակավոր կացարանները գերծանրաբեռնված են:
Այս է պատճառը, որ Դաշնային միգրացիոն ծառայությունը պատրաստել է մի օրինագիծ, որը նախատեսում է ևս 83 նմանատիպ հաստատությունների ստեղծում ամբողջ երկրով մեկ։ Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»: Փաստաթուղթը տեղադրված է regulation.gov.ru կայքում:
Ներգաղթյալների դեմ արշավը Մոսկվայում սկսվել էր հուլիսի 27-ի միջադեպից հետո, երբ «Մատվեևսկի» շուկայում ոստիկանի էին ծեծել:
Զանգվածային զտումների արդյունքում ձերբակալվել է մի քանի հազար մարդ, որոնք անօրինական ապրում են Ռուսաստանի տարածքում։ Նրանց թվում են վիետնամցիներ, եգիպտացիներ, սիրիացիներ, աֆղանցիներ:
Անօրինական ներգաղթյալներից ոմանց տեղավորել են Մոսկվայի 3 հատուկ ճամբարներում, որտեղ այլևս տեղ չկա: Մայրաքաղաքում բացվել է 900 մարդու համար նախատեսված լրացուցիչ վրանային ճամբար, որը տվյալ պահին երկու երրորդով ծանրաբեռնված է: